26.11.2024
ՀՀ ՄԻՊ-ը Յագլանդին է  ներկայացրել Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստեր
prev Նախորդ նորություն

ՀՅԴ. Այս ընտրություններում Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում արձանագրում են, որ այս ընտրությունները խորհրդարանական եւ ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։


Ըստ այդմ, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է.


ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը եւ հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։

բ. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսեւորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երեւույթի հետեւանք։

գ. Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռեւս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ Հանրության քաղաքական, հոգեւոր-մշակութային արժեհամակարգի արմատական փոփոխությունը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ազգային-պետական ընտրախավի լրջագույն մարտահրավերն է։

դ. Տեղի է ունեցել քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացում. բացահայտ ամբոխավարական եւ պարտվողական գաղափարները չընդունվեցին մեր հանրության կողմից։

ե. Գնահատելի է, որ իրենց մասնագիտական պարտականությունները եւ քաղաքացիական պարտքը կատարեցին լրատվամիջոցներն ու իրապես անկախ դիտորդական կազմակերպությունները։

զ. Նոր Ազգային ժողովում Հ.Յ. Դաշնակցության դերակատարության ձեւաչափը թողնելով առաջիկա օրերի քննարկումներին՝ մենք շնորհակալություն ենք հայտնում գիտակից քվեարկություն կատարած յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ մեր շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին։

է. Այս ընտրություններում Հ.Յ. Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է։ Մենք շարունակելու ենք հետեւողականորեն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը՝ հավատարիմ ՀՀ քաղաքացիներին տրված՝ նոր սկիզբ դնելու, ազատ, արդար, խաղաղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու խոստմանը։