26.11.2024
Առաջնագծում լարված էր. Հակառակորդը կիրառել է 60 մլմ ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ
prev Նախորդ նորություն

ՀՀ ՄԻՊ-ը Յագլանդին է ներկայացրել Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստեր

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները:


Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների և առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսևորումների հարցը: Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավածություն ունենան Արցախում:


Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է նաև Ռուբեն Մելիքյանի կատարած փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգայնորեն սահմանված սկզբունքներից: Դրանով հանդերձ, կարևորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում:


Մասնավորապես, ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները:


Խոսվել է նաև արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու դրանցով բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Թորբյորն Յագլանդը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն ու աշխատանքը նշված ոլորտում Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրման հարցում: