Վարչապետ. Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք նոր Հայաստան
Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար, վարչապետը նշել է, որ այն քվեն, որ ստացել է իր թիմը, պարտավորեցնում է: Հանրապետականը, նրա խոսքով, հստակորեն գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնում է և հաստատակամ է ժողովրդի կողմից իրենց տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու:
«Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,- մասնավորապես գրել է Կարեն Կարապետյանը։
Նշենք, որ Կարեն Կարապետյանը, թեև ներկայացված չէր ՀՀԿ համապետական ցուցակում, բայց նախընտրական քարոզարշավի ողջ բեռն իր վրա տարավ և բոլոր սոցհարցումների համաձայն` այս ընտրությունների ֆավորիտներից էր` դրական ազդելով ՀՀԿ իմիջի վրա: