26.11.2024
ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում
prev Նախորդ նորություն

ԵՄ խոսնակ. Ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը

Եվրամիության խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.


«Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:


Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայրը, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները չէին հրավիրվել դիտորդություն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցով: Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայության՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ իրավախախտումների ավելի քիչ դեպքեր:


Եվրոպական միությունը հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային: Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրված նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝ հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության ու Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակը»: