26.11.2024
ՀՀԿ վստահված անձանց և դիտորդների արկածներն արձանագրել է ԵԼՔ դաշինքը
prev Նախորդ նորություն

Քվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերում մեկնարկում է ձայների հաշվարկը

Ժամը 20.00-ին Հայաստանի Հանրապետության բոլոր 2009 ընտրատեղամասերում ավարտվեց քվեարկությունը: Այս պահից սկսած ընտրատեղամասերում մեկնարկում է ձայների հաշվարկի գործընթացը:


Նշենք, որ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջին երեք ժամերի՝ 17/00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, սակայն ժամը 17.00-ի դրությամբ արդեն կարելի էր խոսել ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշի մասին: Այդպես, համաձայն այդ տվյալների՝ 17.00-ի դրությամբ քվեարկել էր ընտողների 50.93 տոկոսը կամ 1 մլն 317.936 քաղաքացի: Հայաստանում  քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 587.706:


Նշենք, որ մինչ այս պահը դիտորդական տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց և դիտորդների կողմից հրապարակած ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներից վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենից տարածված ընտրախախտումը եղել է քվեարկության ուղորդումը, ընդ որում այս հարցում աչքի են ընկել հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Մի շարք համայնքներում այս գործընթացին ներգրավված են եղել համայնքապետերը. մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում՝ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:


Ժամը 18:00-ի դրությամբ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում: Ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում: Ըստ Գլխավոր դատախազության՝ ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 226 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:


Քիչ անց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի նաև ամփոփ տվյալներ քվեարկության վերջին երեք ժամերի վերաբերյալ: