Վարչապետը դժգոհ է համայնքների ղեկավարներից ու մարզպետների աշխատանքից
Համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները համայնքների զարգացման ծրագիր շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագիր կազմելու նոր մեթոդաբանությանը վերաբերող հանձնարարական: Սակայն ինքն արձանագրել է դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ: Ըստ այդմ, վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին մեկամսյա ժամկետում վերանայել համապատասխան ծրագրերը, քննարկումներին լիարժեք ներգրավել համայնքների բնակիչներին, երեք շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների զարգացման 5-ամյա լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում իրականացնել կառավարությունում:
Ինչպես և նախօրեին ՀՀԿ նախընտրական քարոզչության ժամանակ, նա կրկնեց՝ մարզպետները պետք է վերապատրաստվեն Հայաստանում Ամերիկյան համալսարանում և այս կապակցությամբ համապատասխան պայմանագիրն արդեն կարծես թե կնքվել է. «Բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»,- հայտարարեց նա:
Չանտեսվեցին նաև 250 համայնքների ղեկավարները . վարչապետը նշեց, որ գերմանական կառավարության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: