23.11.2024
TWSJ․ Միշտ թվում էր, թե ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցները երկար չեն պահպանվի
prev Նախորդ նորություն

Գերմանիան հրաժարվում է զենք վաճառել Թուրքիային

Գերմանիան վերջին 4.5 ամսում 11 անգամ մերժել է թուրքական կառավարության հայտերը գերմանական սպառազինության գնման վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես հրաձգային զենքի և դրա փամփուշտների մասին է։


2010 թվականից մինչ 2016-ի կեսերը մերժվել էր 8 համանման հայտ։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը՝ հղում անելով խորհրդարանին ներկայացված դաշնային կառավարության տվյալներին։


«Դա առաջին և ճիշտ քայլն է»,-մեկնաբանել է իրավիճակը Ձախ կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը։ «Իսկ հաջորդ քայլը պետք է կայանա նրանում, որպեսզի Թուրքիան ընդհանրապես զենք չստանա Գերմանիայից»,-ասել է նա թերթին։


Ինչպես գրում է պարբերականը՝ Գերմանիայում անհանգստացած են Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ, որը զգալիորեն վատացել է անցած ամռանը տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո։ Բեռլինում ավելի վաղ բազմիցս կոչ էին արել Անկարային չօգտագործել այդ առիթը քաղաքական զտումների համար։


«Ֆեդերատիվ հանրապետությունը, ըստ ամենայնի, չի ցանկանում, որպեսզի անվտանգության ուժերը կիրառեն գերմանական սպառազինություն՝ սեփական քաղաքացիական բնակչության դեմ ճնշումների իրագործման համար»,-գրում է Süddeutsche Zeitung-ը։