25.11.2024
ԵԼՔ դաշինքի դեմ սև տեխնոլոգիաների կիրրառումը շարունակվում է
prev Նախորդ նորություն

Ընտրակաշառքն ու վախեցնելու փորձերը նախկին "արդյունավետությամբ" չեն աշխատի. հարցազրույց

VERELQ-ի զրուցակիցն է "Ծառուկյան" դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ ընտրություններին Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սողոմոն Սողոմոնյանը:


Պ-րն Սողոմոնյան, ինչպիսի՞ ակնկալիք ունի Ձեր ներկայացրած քաղաքական ուժն առաջիկա ընտրություններից, և ի վերջո ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա "Ծառուկյան" դաշինքին


Հասկանում եմ Ձեր վերջին հարցադրման ենթատեքստը: Իսկապես, մենք այս տարիների ընթացքում լսել ենք բազմաթիվ հայտարարություններ և խոստումներ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ առաջին հերթին խոսքը գնում է իշխանությունների մասին, քանի որ նրանք են կրում քաղաքական պատասխանատվությունն այս երկրում տեղի ունեցող գործընթացների համար: Գործող իշխանությունը տարիներ շարունակ մեզ խաբել է բոլոր առումներով: Մենք այս տարիների ընթացքում արձանագրել ենք հետընթաց բոլոր ոլորտներում:


Եվ եթե նախկինում իշխանությունն այս անգործությունը, օրինակ, փորձում էր քողարկել ԼՂ հակամարտությամբ պայմանավորված պատերազմական իրավիճակով և սոցիալ-տնտեսական դժվարություններն արդարացնում պաշտպանական ծախսերով և այս հանգամանքի հետ առնչվող այլ գործոններով, ապա անցյալ տարվա ապրիլյան պատերազմը ցույց տվեց այդ պնդումների հիմնազուրկ լինելը:


Մենք տեսանք, որ նույնիսկ այս ոլորտում ոչինչ չի արվել, և որ զինվորը կռվում է "80-ականների զենքով": Համատարած թալանը, որն անշուշտ, իր բոլոր յուրահատկություններով հանդերձ, կար և կա նաև մեր Զինված ուժերում, հանգեցրեց բազմաթիվ մարդկային զոհերի և տարածքային կորուստների:
Ելնելով այս տխուր իրականությունից՝ մենք առաջիկա ընտրությունները դիտարկում ենք ևս մեկ հնարավորություն հասնելու արմատական բարեփոխումների:


Որքանո՞վ է պատրաստ Ձեր ներկայացրած քաղաքական ուժը դիմագրավելու առկա մարտահրավերներին


Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ու իր քաղաքական և տնտեսական թիմն ունակ են նպաստելու մեր երկրի կայուն զարգացմանը: Ես անձամբ եղել եմ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության հիմնադիրներից մեկը, և այս տարիների ընթացքում մեր ներկայացրած քաղաքական ուժը կարողացել է իր խոստումերը պահել: Մենք ակտիվ գործունեություն ենք ցավալել նաև խորհրդարանում, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով փորձել ենք նպաստել տնտեսական կյանքի աշխուժացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և այլն: Այդ համատեքստում, մենք վստահ ենք, որ "Ծառուկյան" դաշինքի ներկայացրած 15 կետերը կարեղ են առաջիկա տարիներին մեր զարգացման, առաջընթացի համար կայուն հիմք ապահովել: Հանրությունը, մեր ժողովուրդը մեզ լավ ճանաչում է: Մեր կուսակցության առաջնորդն ունի հնարավորություններ, ունի կապեր, որոնք մեծ դեր կարող են խաղալ տնտեսության զարգացման, արտաքին աշխարհից ներդրումային հոսքեր ապահովելու համար:


Ձեր դիտարկմամբ, 2015-ի հայտնի դեպքերը և Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտից հեռանալն ի վերջո, ինչպե՞ս ընկալվեցին հասարակության կողմից


Մեր հանդիպումներն ընտրողների հետ ցույց են տալիս մեկ բան՝ մեզ շարունակում են վստահել: Հասարակությունը պարզապես հոգնել է միևնույն դեմքերից և այս համատարած լճացումից: Մարդիկ մեր նախընտրական հանդիպումներին գալիս են և իրենց աջակցությունը հայտնում նույնիսկ ՀՀԿ-ի տոտալ վերահսկողության և վախի մթնոլորտի պայմաններում: Մարդկանց նաև անհանգստացնում է այն հանգամանքը, որ իրենց քվեն կարող է կեղծվել և իրական հասցեատիրոջը չգնալ:


Սակայն այս անգամ, մեր կարծիքով, ընտրակեղծարարության այդ մեքենան այս նոր ընտրական օրենսգրքի և նոր ընտրական համակարգի պայմաններում նախկինի պես "արդյունավետ" չի աշխատի: Սա, ի թիվս այլ գործոնների, մեզ հույս է ներշնչում, որ կունենանք իսկապես արդար և թափանցիկ ընտրություններ: Մենք ամեն կերպ կաշխատենք մեր ձայները պահել և թույլ չտալ որևէ ընտրախախտում: Մենք ունենք լավ թիմ և պատրաստ ենք համառ պայքարի:


Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս ընտրարշավի ընթացքը


Ընդհանուր առմամբ, դրական է մեզ համար, չհաշված վերոնշյալ թերությունները: Ինչպես միշտ, այս անգամ էլ իշխող կուսակցությունը գործ է դնում իր հին և "փորձված" մեթոդները՝ ադմինիստրատիվ լծակներն օգտագործելով, մարդկանց վախեցնելով, շանտաժի ենթարկելով և ուղղորդել փորձելով: Սակայն կարող եմ ասել, որ չնայած այդ ճնշումներին, քաղաքացուն հնարավոր չէ կանգնեցնել: Մարդիկ անգամ պատրաստ են իրենց աշխատանքը կորցնել, սակայն հավատարիմ լինել իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշմանը: Նա գիտի, որ պետք է քվեարկի "Ծառուկյան" դաշինքի օգտին, նա գիտի, որ դաշինքը պետք է 50% +1 ձայն հավաքի, երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար: Եվ ինչպես, օրինակ, ցույց են տալիս վերջերս անցկացրած նախնական սոցհարցումների արդյունքները, առաջատարն այսօր "Ծառուկյան" դաշինքն է, որը զգալիորեն առաջ է անցել ՀՀԿ-ից: