26.11.2024
Իրադրությունը շփման գծում հարաբաերական հանգիստ է եղել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարո՞ւմ. Նախարարությունից հերքում են

Պնդումները, թե ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարի ներսում և օգտվում է ջրից, չեն համապատասխանում իրականությանը. ջրամբարի ներսում պոմպ չկա: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից։


Ադրբեջանի վարչական տարածքում ջրամբարից դուրս եկող ջրով ձևավորված գետի հոսքի վրա պոմպի տեղակայված լինելու կամ շահագործման վերաբերյալ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկատվություն չունի: Նշվում է, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:


Ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին և շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2, 14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ոռոգվում էր մոտ 10 000 հա հողատարածք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։