Եվսեև. ԱՄՆ–ը չի դադարեցնում իր փորձերը` կտրել Հայաստանը ՌԴ–ից
Երևանում ամերիկյան կողմի աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ՊՆ «Զար» խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի վերականգնման աշխատանքները։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ամերիկացի գործընկերների աջակցությամբ շուտով իրականացվելու է կենտրոնի կապիտալ վերանորոգումը։
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ ԱՄՆ–ը չի դադարեցնում իր փորձերը`կտրել ՀՀ–ը ՌԴ–ից, փոխանցում է svpressa.ru կայքը։
Նա նշել է, որ չնայած ՀՀ բնակչության փոքր թվաքանակին, ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանատունն ամենամեծն է Հարավային Կովկասում։ Բացի այդ, ՀՀ–ը շարունակում է մասնակցել ՆԱՏՕ–ի խաղաղապահ գործողություններին։
Ըստ նրա, կենտրոնի արդիականացման ծրագրերը տեղավորվում են ԱՄՆ–ի քաղաքականության մեջ`փոխելու ՀՀ–ի արտաքին քաղաքական ուղենիշը։ Նա նշել է, որ ՀՀ–ում կառավարման մոդելի փոփոխությունը կարող է նպաստել նրան, որ ԱՄՆ–ը կփորձի ազդել ՀՀ–ում որոշումների կայացման վրա։
Այն, որ ՀՀ–ը պահպանում է հարաբերությունները ԵՄ–ի ու ԱՄՆ–ի հետ, նշում է փորձագետը, դրան նպաստում են նաև ԱՄՆ–ում և Ֆրանսիայում գտնվող հայ համայնքները։
Նա հավելել է, որ պետք է հաշվի առնել մի հանգամանք`Ղարաբաղում պատերազմի դեպքում ԱՄՆ–ը չի փրկելու ՀՀ–ին, իսկ ՌԴ–ի օգնությամբ ՀՀ–ը կարողացավ պահպանել ռազմական բալանսը`ստեղծելով հայ–ռուսական միավորված զորախումբ։