22.11.2024
ԱՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե ՀՀ-ում ներդրում անելու, փող աշխատելու տեղ չկա

Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն: Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Այս մասին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով` աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ:

«Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրեր, որոնք օրեցօր ավելանում են և կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական», - նշել է նա:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք: «Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», - հորդորել է կառավարության ղեկավարը:

Հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ կա, կան կոնկրետ ծրագրեր, Հայաստանից Իրան արտահանման հաջող օրինակներ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը` նշելով, որ ստացված ներդրումային ծրագրերը քննարկման փուլում են:

Սակայն Կարեն Կարապետյանի կարծիքով`առկա արդյունքները բավարար չեն. «Սյունիքի մարզում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեզ չի բավարարում: Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է կողմնորոշվեր դեպի իրանական շուկա բոլոր ուղղություններով», - նշել է վարչապետը: