Փաշինյանը ճանապարհների մասին․ ասֆալտն այլևս չի ասոցացվում ընտրությունների հետ
Լուսանկարը` primeminister.am
Մարտի 13-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության՝ հարկային բեռն ավելացնող որոշումները չեղարկելու նախաձեռնությունը, հայտարարել է, որ մարդիկ մոռացել են այն ժամանակները, երբ ասֆալտը ասոցացվում էր ընտրությունների հետ։
«Նույնիսկ տեխնոլոգիական լուծումներ կային՝ հավաքովի ասֆալտ։ Փռում ես, ընտրվում ես՝ ասֆալտը մնում է, չես ընտրվում՝ փաթաթում և տանում ես մինչև հաջորդ ընտրությունները», - հեգնանքով նշել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ ներկայում փռվող ասֆալտի որակն այնքան բարձր է, որ «առանց չափազանցության, մինչև 2082 թվականը դրա վրա կարելի է ընտրություններ անցկացնել»։
Նրա խոսքով, կառավարությունը հրաժարվել է այն գործիքներից և լծակներից, որոնք նախկինում օգտագործվում էին քաղաքական նպատակներով, և այժմ մարդկանց ազատություն է տալիս որոշումներ կայացնելու, համայնքի մակարդակով զարգացման ծրագրեր մշակելու և իրականացնելու համար, «իհարկե, ոչ մի կերպ չզիջելով կառավարության լիազորություններն ու գործառույթները»։
Կառավարության ղեկավարը կոչ է արել այս հարցում սկզբունքային դիրքորոշում որդեգրել։