7.11.2024
Հերթական վտանգը հաստատեց Թուրքիայի ԱԳ նախարարը
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ԱԺ լավ նախագահ է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հունգարիա է մեկնելու։ Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ՝ միայն ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչներն են եւ 2 ՔՊ-ական կանայք՝ Մարիա Կարապետյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը, երկուսն էլ՝ հայ-հունգարական բարեկամական խմբի անդամներ: Սակայն նույն խմբում 4 ընդդիմադիր պատգամավոր կա՝ Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Իրինա Գասպարյան, Տիգրան Աբրահամյան։ Իսկ ընդամենը օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել։


«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Այն, որ վերջինս պատրաստվում է ազատվել պաշտոնից, «Փաստը» տեղեկացրել էր դեռևս ապրիլին: Մեր ունեցած տեղեկություններով, այն ժամանակ, ինչպես ասում են՝ վերջին պահին, Հայրապետյանին հորդորել են սպասել: Եվ ահա, կես տարի անց, փաստորեն, եկել է ժամանակը: Ժամանակին մենք նաև տեղեկացրել էինք, որ այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: Երեկ կառավարության մեր աղբյուրները վերահաստատեցին տեղեկությունները, որ հենց նա էլ նշանակվելու է: Ի դեպ, ինչպես առիթ ունեցել ենք նշել, վերջինս ՍԱՏՄ ղեկավար դառնալու ցանկություն է ունեցել դեռևս 2022 թվականին, երբ ակտիվորեն աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը չի հաստատել: Այժմ արդեն, կարծես, իրավիճակ է փոխվել...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հերթական խոստումը մնաց օդի մեջ կախված։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված՝ թեկուզ գաղտնիության ռեժիմով։ «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հայտնեց, որ փակ նիստ հրավիրելու հարցով նամակ չեն ստացել։ Դրանից առաջ եւս Անդրանիկ Քոչարյանը ժամկետներ էր նշել. դեռ ապրիլին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին։ Բայց այս ժամկետներն էլ չեն պահվել. ձգվում ու ձգվում են, իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը մնում է գաղտնի պահված։


«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել, չի կարողանում հետեւել կանոնակարգի պահանջներին, որպեսզի ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետներն ու պարտադիր ներկայացվելիք զեկույցները ներկայացվեն պատշաճ կարգով եւ ժամանակին: Իսկ ԱԺ կանոնակարգի խախտումը օրինախախտում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեքշաբթի օրը կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում թեեւ սպասվում էր, որ օրակարգային հարցերի մեջ պետք է լիներ նաեւ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները այս մասին լռում են: Միայն հայտնի է, որ քննարկվել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածությունների հարցը, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել Քոչարյանի մասին, կուսակցականները ենթադրել են, որ հարցը դեռ չի հետաքրքրում նրան: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր «փոքրացած» թիմակիցներին պատմել է, թե ինքը Փաշինյանին բացատրել է, որ չպետք է տրվել այն երիտասարդների էմոցիաներին, որոնք ելույթ են ունեցել իր դեմ ՔՊ հայտնի նիստում:


Ներկայացրել է, որ իրեն հեռացնելը մեծ հարված կլինի ՔՊ-ին և կուրախանա ընդդիմությունը, ապա նաև հիշեցրել է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը դեռ ներկայացված չէ. ուստի սխալ կլինի իր հեռանալը: Ըստ ամենայնի՝ հենց հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի ներկայացման անհրաժեշտությամբ պայմանավորված Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկումն ու քվեարկության կազմակերպումը ՔՊ խմբակցությունում դեռ կհետաձգվի: Իհարկե, Քոչարյանը «Հանրային»-ի եթերում խոստացել էր, որ հոկտեմբերին հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի և ԱԺ նիստ կհրավիրվի, սակայն չի կատարել խոստումը: Նա ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը»:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է Անդրանիկ Քոչարյանին ոչ միայն ջանասիրաբար պաշտպանել, այլեւ հակադարձել նրան քննադատողներին, երբ մեկը մյուսի ետեւից գրոհել է Քոչարյանի վրա: Լուսինե Բադալյանը երկարաշունչ պաշտպանական ճառ է արտասանել՝ հիշեցնելով, որ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ում միակ պատգամավորն է եղել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը եղել է խորհրդարանում՝ փորձելով կանխել ամբոխի գործողություններն ու մտադրությունները։ «Բա դուք ո՞ւր էիք, որտե՞ղ էիք թաքնվել»,- մոտավորապես այսպես ասել է Լուլուն ու ամոթանք տվել բոլոր նրանց, ովքեր կասկածում են Քոչարյանի «պետականամետությանը»։ Մեզ պատմեցին, որ ավելի պակաս պաթոսով պաշտպանական ելույթներ էլ են եղել Քոչարյանի մասին, սակայն Լուլուն ուղղակի ցնցել է բոլորին։


«Հրապարակը» գրում է․ Վերջին օրերին իրավապահներն իբր զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Սրբազան պայքարի շուրջ 3 տասնյակ աջակիցների էին ձերբակալել, այդ թվում՝ անչափահասներ։ Մի քանի օրվա «օպերացիայի» շրջանակներում, պարզվում է, ոչ մի զենք, զինամթերք չեն հայտնաբերել: Իրականում, ոչ թե զենք էին փնտրում, այլ՝ քաղաքական պաստառներ տարածող ակտիվիստներին: Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան, իշխանավորների նկարներով պաստառներ չփակցնեն։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ այս ձերբակալություններից ոչ մեկի արդյունքում ոչ մի քաղաքացու մեղադրանք չի առաջադրվել, կալանավորված անձ չկա, եւ ոչ մի կալանքի միջնորդություն էլ չի ներկայացվել դատարան։ Ավելին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքով մի անձի ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, մյուսի հարցն էլ քննվելու է մոտ օրերս։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար: Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Արմենուհի Կյուրեղյանին, ասաց. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա…»: «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ասաց՝ չե՞ս ամաչում, եւ ստացավ «չէ՛» պատասխանը:


«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցերով.


1) Ինչո՞ւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը առ այսօր միջադեպին չի արձագանքել


2) Ճի՞շտ եք համարում արդյոք ԱԺ նախագահի նման պահվածքը, թե՞ ոչ:


Խնդրում եմ արձագանքել վերոնշյալ միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի արտահայտությանը»:


Հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ արձագանք կամ մեկնաբանություն օմբուդսմենը կարող է տալ միայն բողոքի դեպքում։ «Վերոգրյալի հաշվառմամբ՝ պաշտպանը չի մեկնաբանում առանձին պաշտոնյաների եւ հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքը»: Բայց միաժամանակ ՄԻՊ գրասենյակից հարկ են համարում տեղեկացնել, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զանկացած դրսեւորումների անթույլատրելիությանն անդրադարձել է 2023 թվականի իր տարեկան հաղորդմամբ՝ ներկայացնելով նաեւ միջազգային եւ ներպետական իրավական չափանիշները։


Պաշտպանը, մասնավորապես, նշել է, որ այդ արատավոր երեւույթները՝ անկախ նրանից, թե ում կողմից են տարածվում կամ ում են հասցեագրված, անընդունելի են, լուրջ վտանգ են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվեն հանրային խոսքից եւ հանրային հարաբերությունների տիրույթից»: Թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոնկրետ ինչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել»:


«Հրապարակը» գրում է․ Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ԲԴԽ անդամների թեկնածուների է հաստատել։ ՀԾԿՀ-ում ԱԺ-ին կներկայացնեն Մեսրոպ Մեսրոպյանին, որը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ էր, ոլորտի հնաբնակներից, բայց պատերազմից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին` դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում:


Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան` Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում: Մեսրոպյանի մրցակիցը եղել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, որին ՔՊ-ում «հավերժ թեկնածու» են անվանում․ ժամանակ առաջ էլ նա հավակնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ թիմը մերժեց: Հիմա կատակում են, թե նա «հավերժ թեկնածու է մնալու»։ Իսկ ԲԴԽ գիտական անդամի թափուր պաշտոնում ՔՊ վարչությունը հաստատել է 2018-ից ՔՊ-ական դարձած փաստաբան Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որին անցած շաբաթ մերժեցին արդարադատության նախարար նշանակել: ՔՊ ֆրակցիան այս ընտրությունից ուղղակի կատաղած է, ասում են, որ «արժանի մրցակից» կար` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, որն իշխանությունների սրտի դատավորներից է, նա է Աշոտ Երկաթին կալանք տվել:


Նա 2018-ի մայիսի 17-ին է նշանակվել վերաքննիչի դատավոր, 3 ամիս անց հրաժարական է տվել, 2020-ին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021-ի հունիսին՝ ազատվել պաշտոնից: Հոկտեմբերին նորից վերադարձել է դատական համակարգ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը կստանա Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարեւոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի եւ Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչեւ վաղեմության ժամկետը լրանա: Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետեւանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:


«ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարեւորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով եւ ծանրության աստիճանով: Հետեւաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։


Տեղեկացնենք, որ դատավարությունը տեւել է 4 տարի 4 ամիս, ինչը, ԲԴԽ-ի համոզմամբ, տեղի է ունեցել միտումնավոր, քանի որ «դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։ «Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսեւորվող իրավունքի չարաշահումը, անհարգելի տարբեր պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ չի կիրառել: Բացի դրանից, դատավորը չի առանձնացրել եւ առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով եւ հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։


Վերը թվարկված անգործության տարբեր դրսեւորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը եւ բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանն այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշում է ԲԴԽ-ն։ Եվ ահա, այս որոշման հետեւանքով էլ Դանիբեկյանը տեւական ժամանակ աշխատեց ՄԻԵԴ-ի դիմումի վրա եւ հիմա այն ուղարկում է ՄԻԵԴ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել: Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) եւ հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ: Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:


«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցների նկարագրմամբ՝ Նունեն ներկայացրել է, որ գործընթացը կլինի այսպես. ընտանիքներից որոշ ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն եւ վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Հավաստիացումները ստանալուց հետո՝ քաղաքացիները վաճառել են իրենց բնակարանները եւ գրասենյակում 10 հազար դոլար տվել Նունեին, իսկ հետո վերջինս ասել է, որ 7000 ԱՄՆ դոլար էլ պետք է վճարեն ԱԳՆ-ի դիմաց մի մարդու, որը, հետագայում պարզվել է, ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանն է: Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել: Երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը՝ նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին:


«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի վերաբերյալ 2 անգամ զրուցել է Նունե Սոֆյանի հետ, ով պահանջել է ոչինչ չհրապարակել իր անունից, քանի որ ինքը թույլ չի տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ: Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:


Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում: Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ նրա վարորդը չի եղել: Նախարարության եւ փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում:


Բայց առավել ուշագրավ է այն, որ ԱԳՆ-ն թաքցրել է պատճառը, թե ինչու է արտաքին գործերի նախարարության վարորդը օրերս ազատվել աշխատանքից: Փաստն այն է, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի աշխատակիցը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, «անհետացել» է ՀՀ-ից: Այսինքն՝ ԱԳՆ աշխատանքից ազատվելուց 3 օր հետո նա փախել է երկրից, որի մասով եւս պաշտոնական հարցում ենք արել: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն, լրացուցիչ 30 օր են խնդրել՝ պարզագույն այս հարցերին պատասխանելու համար: Եվ այս դանդաղկոտությունն է թերեւս պատճառը, որ Երջանիկ Ումրշատյանը հասցրեց հեռանալ Հայաստանից: Իսկ սա ուղղակի հանցագործություն չէ, այլ ՀՀ պետական պաշտոնյաների ենթադրյալ ներգրավվածությամբ միջպետական սկանդալ. օտար երկրների դեսպանատները փաստացի փորձել են ներքաշել խարդախությունների մեջ, իսկ Նիդերլանդների դեպքում 8 հոգու վիզան ստացվել է 3 օրում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ցանկացած երկրի համար տնտեսության դիվերսիֆիկացիան կարևոր նշանակություն ունի, որպեսզի կախված չլինի մեկ երկրից ու մեկ ուղղությունից: Հայաստանի իշխանությունները ևս պարբերաբար խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, սակայն գնալով հակառակ արդյունքն են գրանցում: Իսկ ընդհանրապես, որևէ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումները, մոտեցումները մեծ հաշվով կախված են լինում արտաքին առևտրաշրջանառության, այլ երկրների հետ տնտեսական կապերի և համանման մի շարք այլ գործոնների հետ: Օրինակ՝ հարևան Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է՝ կազմելով 1 մլրդ 313 մլն ԱՄՆ դոլար:


Ի մասնավորի, Վրաստանից գինու արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 146,9 մլն դոլարի: Ավելին, Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ երկրորդը Լեհաստանն է՝ ընդամենը 5,2 տոկոսով, երրորդը՝ Ուկրաինան՝ 4,1 տոկոսով, չորրորդը՝ Ղազախստանը՝ 3,8 տոկոսով, և հինգերորդը՝ Չինաստանը՝ 3,1 տոկոսով: Գինուց զատ, Վրաստանը միանգամից 2,7 անգամ ավելացրել է թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը դեպի Ռուսաստան: «Առյուծի բաժինը» կազմում է կոնյակը (107 մլն), հետո գալիս են վիսկին (2,6 մլն) և օղին (442 հազար): Հանքային և գազավորված ըմպելիքների արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ավելացել են 25,7 տոկոսով և հասել 61 մլն դոլարի: Իսկ, ահա, այսպես կոչված, «լիմոնադների» արտահանումը ՌԴ ավելացել է 2,8 տոկոսով: 


Որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի, ներկայացնենք նաև Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության պատկերը: ԵՄ երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրի ծավալները զգալիորեն անկում են ապրել՝ նվազելով մոտ 24 տոկոսային կետով։ Փոխարենը Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի ծավալները աճել են 3,6 անգամ։ Ըստ վիճակագրական տվյալների, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը Հայաստան-ԵՄ առևտրի ծավալներին դեռ չավարտված 2024 թվականին արդեն իսկ գերազանցում է 6,8 անգամ։


«Փաստ» օրաթերթը գրում է. ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Շատ փորձագետներ վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունն են ունենալու ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ՀՀ-ում ստեղծված ստատուս-քվոյի վրա։ 


«Փաստի» հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին չորս տարին տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: «Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն»,-ասում է նա:


Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է իր վերլուծություններով: Ըստ հեղինակների, Թրամփի համար առաջնահերթություն են լինելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ուկրաինական պատերազմն ու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։ «ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր համար առաջնահերթ են լինելու պատերազմների դադարեցումն աշխարհում։Ուկրաինական պատերազմի ավարտը նշանակելու է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ՝ աշխարհի նոր բաժանում՝ գեոպոլիտիկ ազդեցության գոտիների»,- նշված է հոդվածում:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ վարում են հակառուսական արտաքին քաղաքականություն՝ ցանկանում են սառեցնել բոլոր ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «ԱՄՆ-ի համար ՌԴ-ն շարունակելու է հանդիսանալ գեոպոլիտիկ մրցակից, սակայն Վաշինգտոնի համար թիվ մեկ հակառակորդը Չինաստանն է և Չինաստանի աճող հզորությունը։ Թրամփը ցանկանալու է չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ հույս ունենալով, որ ՌԴ-ն՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող է վերականգնել կապերը ԵՄ-ի, Արևմուտքի հետ և չգնալ Չինաստանի հետ ավելի սերտ ռազմա-քաղաքական դաշինքի։ 


Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ. ԱՄՆ-ն թույլ է տալու ՌԴ-ին ավելի խոր ինտեգրացիայի գնալ հետխորհրդային երկրների հետ, և ՀՀ-ն այս պայմաններում հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Վրաստանում ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանը չի ցանկանում կրկնել Ուկրաինայի ճակատագիրն ու դառնալ հակառուսական պլացդարմ։ Վրաստանն ու Ադրբեջանն անցնում են ռուսական ազդեցության գոտի՝ այս պահին Ադրբեջանն ունի խոր տնտեսական, էներգետիկ, քաղաքական կապեր Մոսկվայի հետ, Վրաստանը վերականգնում է ՌԴ-ի հետ կապերը՝ չնայած Արևմուտքի բողոքներին, իսկ այս ստատուս-քվոյում Փաշինյանին և ՔՊ-ին ոչինչ չի մնում, քան վերադառնալ Մոսկվայի հետ խորը դաշնակցային կապերի վերահաստատմանը։ 


Այլ պարագայում Փաշինյանն ու թիմը պետք է հրաժարական տան և ՀՀ-ում իշխանության գան ռուսամետ ուժեր, ինչպես դա եղավ Վրաստանում»,-կարծում են հեղինակները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սպասվում է որոշակի ջերմացում. Ուկրաինայի ճակատագիրն որոշվելու է Պուտին-Թրամփ բանակցություններում, ինչն էլ ազդելու է Հարավային Կովկասի և ՀՀ-ի ապագայի վրա։ ԱՄՆ-ն Մոսկվային կարող է խոստանալ չփորձել հետխորհդային տարածքներից ստեղծել հակառուսական պլացդարմներ, իսկ այդ պարագայում Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ու ՔՊ-ի՝ ՌԴ-ի դեմ ուղղված քարոզչությունն այլևս ակտուալ և պահանջված չեն լինելու Վաշինգտոնում։


 

Թուրքիան շարունակելու է թշնամական իր քաղաքականությունը
Հաջորդ նորություն next