26.11.2024
Ինչո՞վ է զբաղված Սամվել Բաբայանը և ինչո՞ւ Ծառուկյան-Օհանյան դաշինք չկայացավ. Դալլաքյանի բացահայտումները
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյան. Գնում ենք իշխանություն ձևավորելու

Ես ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից. ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել: Չնայած դուք գիտեք, թե ես որտեղից եմ եկել, բայց ես ինքս էլ իմ գործունեության մեջ երբևիցէ չեմ փորձել ազդել թե՛ կուսակցության, թե՛ որևէ անհատի վրա: Բոլոր որոշումները ընդունվում են փոխադարձ հարգանքի և փոխադարձ քննարկումների և առաջարկությունների շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի այսօրվա հայտարարությանը, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է «Համախմբում» կուսակցության լոբբինգով, Սեյրան Օհանյանն ասաց, որ Սամվել Բաբայանի հետ ունեն մտերիմ հարաբերություններ, բայց «այն խոսակցությունները, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ՝ այդպես չէ». «Մնացած հարցերը կարող եք իրեն տալ»,- ասաց նա՝ ըստ էության խուսափելով հարցին պատասխանելուց:

Ինչ վերաբերում է հարցին, թե ստեղծվելիք դաշինքը գնում է իշխանափոխությա՞ն, Օհանյանն ասաց, թե ոչ միայն այս դաշինքը, այլև յուրաքանչյուր կուսակցություն , քաղաքական ուժ գնում է իշխանություն ձևավորելու:

«Եվ նույնն էլ մենք՝ գնում ենք իշխանություն ձևավորելու: Այն, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ այսօր ոչ միայն ես, այլ ժողովրդի 99 տոկոսն է նկատում և ես նրանց հետ համամիտ եմ»:

Հարցին՝ եթե Հանրապետական ստանա ժողովրդի վստահության քվեն, ապա կկազմե՞ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա, Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք դեռևս համապատասխան աշխատանք պետք է տանեն, որպեսզի արժանանան համապատասխան քվեի ժողովրդի կողմից .

«Մենք հարգում ենք բոլոր կուսակցությունների գործունեությունը, բոլոր դաշինքների գործունեությունը : Ես բոլորին մաղթում եմ առողջ մրցակցային պայքար, որտեղ կձևավորվի համապատասխան ուժ, որն էլ երկիրը կղեկավարի: Բայց եկեք ժամանակից շուտ որևիցէ որոշում չընդունենք, խաղաղ պայմաններում և բարեկրթորեն մոտենանք ընտրություններին»,- հավելեց նա:

Նշենք, որ քիչ առաջ տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքին միացել են Ժողովրդական կուսակցությունը, «Արդարություն» կուսակցությունը, «Միացյալ հայեր» ՀԿ-ն և այլ ՀԿ-ներ:

Դաշինքային համաձայնագրում նշվում է, որ այն բաց է քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ և ԼՂՀ քաղաքական գործիչների համար:

Իր խոսքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե այսօր պատմական օր է Հայաստանի պատմության մեջ.

«Մենք այո՛ ենք ասում Հայաստանի ինքնիշխանությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությանը: Մենք անհավանական պայքար պետք է տանենք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իսկ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի խոսքով՝ իրենք երեքն էլ եղել են պետության ստեղծման ակունքներում, ինչն այսօր հազվագյուտ հնարավորություն է ընձեռում երկրում իրավիճակ փոխել: Ընդ որում՝ դրանում որևէ կասկած չունեն, որ շատ արագ կարող են շատ բան փոխել Հայաստանում: