Ինչո՞վ է զբաղված Սամվել Բաբայանը և ինչո՞ւ Ծառուկյան-Օհանյան դաշինք չկայացավ. Դալլաքյանի բացահայտումները
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ իր կողմից արել է հնարավորը, որպեսզի կայանա Սեյրան Օհանյան- Գագիկ Ծառուկյան համագործակցությունը: Սակայն քանի որ Գագիկ Ծառուկյանին ներկայացվել են անիրականանալի, շատ դեպքերում նաև ամբիցիոզ առաջարկություններ, այդ իսկ պատճառով այդ համագործակցությունը չկայացավ:
Հիշեցնենք, Վիկտոր Դալլաքյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը «Համախմբում» կուսակցության և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Բանախոսը նշեց, որ գործադրել է առավելագույն ջանքերը, որպեսզի Ծառուկյան-Օհանյան համագործակցությունը կայանա, սակայն չի հաջողվել.
«Ես կարծում եմ, որ եթե այդ համագործակցությունը տեղի ունենար, ապա Հայաստանում կարող էր ձևավորվել լուրջ բևեռ, որը կարող էր երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ: Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումների ժամանակ նրա մոտ տեսել եմ դրական մոտեցում համագործակցելու Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված կուսակցությունների հետ, սակայն ցավով պետք է նշեմ, որ իրեն ներկայացվել են այնպիսի անիրականանալի առաջարկություններ, նաև որոշակի ամբիցիոզ առաջարկություններ, որոնք բացառել են Գագիկ Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալումը»,- հայտարարեց նա:
Վիկտոր Դալլաքյանը նաև հայտարարեց, որ ԼՂ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղվում է «Համախմբում» կուսակցության լոբբինգով: Փետրվարի 6-ին, տեղեկացրեց բանախոսը, Բաբայանն այցելել է իրենց կուսակցության գրասենյակ և ներկայացրել ցուցակ, որտեղ առաջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: Նույն ցուցակը ներկայացվել է նաև Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանին.
«Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ես որ տեղում կլինեմ, բայց դաշինքի ցուցակը պետք է կազմվի կուսակցությունների Խորհրդի կողմից: Սա է պատճառը և այստեղ որևէ ամբիցիայի կամ անձնավորված մոտեցման խնդիր չկա, ես պատրաստ եմ լինել ցանկացած ցուցակի վերջին տեղում, եթե կա պլատֆորմ ու քաղաքական թիմ, որը ձևավորվել է հրապարակային, այլ ոչ թե ստվերային գործընթացների արդյունքում»,- շեշտեց նա:
Վիկտոր Դալլաքյանը չհերքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությունը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ: