24.11.2024
Վարչապետը զգուշացրել է վարչական ռեսուրսը չօգտագործել նախընտրական քարոզարշավի համար
prev Նախորդ նորություն

Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է. Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ դիմումը ներկայացվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերի ընթացքում, ըստ ընթացակարգի, Զաքարյանը կարող է հետ վերցնել իր դիմումը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ելույթի հնարավորություն ստանալով ասաց, որ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 10 տարվա աշխատանքից հետո ու թերևս հարկ է նման դեպքերում նման պաշտոնյաներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար:

Հիշեցնենք, Իշխան Զաքարյանը ղեկավարելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:

Նշենք, որ հրաժարականի մասին հրապարակելուց հետո Իշխան Զաքարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար: Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից և գործիչներից, ում հետ այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ: Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:

Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է: Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար: Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին»: