24.11.2024
Դեսպան. Իլհամ Ալիևը կայցելի Պակիստան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ուկրաինան պատուհան է դեպի Եվրոպա`ադրբեջանական էներգակիրների համար

Եթե պաշտոնական Բաքուն տեսնի, որ Կիևի հետ տնտեսական համագործակցությունը Ադրբեջանին խոստանում է տնտեսական և քաղաքական դիվիդենտներ, այդ ժամանակ Բաքուն կսկսի ներդրումներ իրականացնել Ուկրաինայի տնտեսությունում։ SOCAR–ն անգամ Մայդանից հետո հայտարարել էր Ուկրաինայում բենզալցակայանների ցանցի ընդլայնման մասին։ Այդ մասին հայտարարել է Ատլաս քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն։

Նա նշել է, որ Ուկրաինան `պատուհան է դեպի Եվրոպա։ Բաքուն կարող է սկսել մասնակցել նաև Ուկրաինայում ձեռնարկությունների սեփականաշնորհմանը։

Ըստ նրա, ապագայում ադրբեջանական հեղուկ գազը կարող է վաճառվել Ուկաինայից Սև ծովով։ Վրացական նավահանգիստներում կառուցվում են գազի հեղուկացման տերմինալներ։ Ադրբեջանը կարող է իր նավթն արտահանել Ուկրաինա`Օդեսա–Բռոդի նավթամուղով, փոխանցում է radioazadlyg.org–ը։
Ադրբեջանը ռազմավարական կարևորություն ունի Ուկրաինայի համար`ռուսական նավթն ադրբեջանականով փոխարինելու առումով։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն։

Էներգետիկ–տրանսպորտային տանդեմ

Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանական երկաթուղիների մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն դիմել է իրենց Ալյաթիի նավահանգստով բեռների տեղափոխությանը հոսքն ավելացնելու խնդրանքով: Ազմամեդովը նշել է, որ իրենց են դիմել նաև Լեհաստանն ու մերձբալթյան երկրները՝ Ալյաթիի նավահանգստի հզորություններն օգտագործելու խնդրանքով:

Ռազմա–տեխնիկական համագործակցություն

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։ «Укрспецэкспорт»-ի ուկրաինական պատվիրակությունը այժմ գտնվում է Ադրբեջանում, որտեղ մասնակցում է ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։

Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։ Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։ Ադրբեջանն Ուկրաինայում սկսել է 10 նոր AН-178 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման գործընթացը: Օրերս Կիևի մոտակայքում տեղի է ունեցել նոր ինքնաթիռի թռիչքը և այն փոխանցվել է Silkway Azerbaijan ընկերությանը:

Turan գործակալությունը հայտնում է, որ AН-178-ը կառուցվել է ուղևորատար Ан-158 ինքնաթիռի հիմքի վրա: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 18 տոննա բեռ կամ 70 դեսանտայինի: Ինքնաթիռի արագությունը կազմում է 825 կմ/ժամ, իսկ թռիչքի հեռահարությունը՝ 5500 կմ: Արժեքը՝ կախված կոմպլեկտացիայից տատանվում է 40-70 միլիոն դոլարի սահմաններում: Ընդհանուր առմամբ, Ուկրաինան հանդիսանում է Ադրբեջան զենքերի և ռազմական տեխնիկայի ակտիվ մատակարարներից մեկը: Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանի պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։

Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով, դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»–ի չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։ «Тайпан»–ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»–ը կառավարել պաշտպանված հենակետերից, փոխանցում է haqqin.az–ը։