Գավառում կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը:
Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և կրթական գործունեության վարչության պետ Դմիտրի Պոկրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան 3-րդ քարտուղար Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու Նարեկ Մուրադյանը:
«Մեր նպատակն է զարգացնել համագործակցության ուղիները՝ օգտագործելով ինտելեկտուալ ներուժը և երկու երկրների երիտասարդության միջև կապը: Վստահ եմ, որ ֆորումն արդյունավետ կլինի: Համաժողովի օրերը հագեցած են ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցառումներով: Շարունակե՛ք լինել ակտիվ և առավելագույնս օգտագործեք այս հնարավորությունը»,- ասել է Զարա Ասլանյանը:
Համաժողովին մասնակցել են 18-35 տարեկան երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական քաղաքականության համակարգերի ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ և երիտասարդներ: