24.11.2024
Հարցերը քչացել են. Բաքուն ՀՀ-ից ստացել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ
prev Նախորդ նորություն

Ռուս գործընկերները լայնածավալ աշխատանք են տանում երկաթուղու վերականգնման համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Լոռիում և Տավուշում ջրհեղեղից վնասված երկաթուղու վերականգնման ուղղությամբ ռուսական կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։


«Մեր միջազգային գործընկերների հետ հաղորդակցության մեջ ենք։ Ես հասկանում եմ, որ երկաթգծի լիարժեք շահագործումը վերականգնելու համար մեր ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են տանում»,- ասել է Փաշինյանը հունիսի 6-ին կայացած կառավարության նիստում։


Նա նաև հավելել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման հարցում և հույս ունի նրանց աջակցության համար։


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ որոշ միջազգային գործընկերներ զգալի հետաքրքրություն են ցուցաբերում աղետի հետեւանքների վերացմանը մասնակցելու հարցում։ «Հատկապես կամուրջների կառուցման հարցում: Մենք սպասում ենք պարզաբանումների այլ հարցերի շուրջ, բայց մի քանի գործընկերներ իսկապես շահագրգռված են և պատրաստ են օգնելու»,- ասաց Միրզոյանը։


Փաշինյանը նշել է, որ աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլում միջազգային աջակցության կարիք չի զգացվել։ «Այն, ինչ մեզ իրականում այժմ անհրաժեշտ է, իրական աջակցությունն է՝ մարդկանց կրած վնասը վերականգնելու և փոխհատուցելու համար»,- հավելել է վարչապետը։


Լոռիում և Տավուշում տարերային աղետի հետեւանքով զոհվել է 4 մարդ, ավերվել է 18 կամուրջ, 7 բնակավայր կտրվել է մնացած շրջանից։ Խափանվել է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունը։ Կառավարությունը մայիսի 28-ին ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերի ինը համայնքներ, որոնք ներառում են 39 քաղաքներ և գյուղեր, հայտարարել է աղետի գոտի։ Տեղի բնակչության հրատապ խնդիրները լուծելու համար արդեն հատկացվել է 300 մլն դրամ (մոտ 800 հազար դոլար)։


Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունը հայտնել էր մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթուղու Սանահինից մինչև Այրում կայարան ութ հատվածներից երկուսի գնացքների երթեւեկության վերականգնման մասին։