25.11.2024
Մոսուլի 750.000 բնակիչ ապրում է ԻՊ կողմից վերահսկվող շրջաններում
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետը Մոսկվայում է "մի շարք նոր առաջարկություններով"

«Եկել ենք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»: Այսօր ՌԴ կառավարության ղեկավարի «Գորկի» կեցավայրում հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որին ընդունել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևը։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

«Ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»,- ասել է Կարապետյանը:

ՌԴ վարչապետն իր հերթին խոսել է երկու երկրների միջև կայուն առևտրաշրջանառությունից։

«Չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար»,- նշել է Մեդվեդևը։ Նա շեշտել է, որ սա Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան։