Ադրբեջանի փոխվարչապետ. Իրանն ու նրա ժողովուրդը մեզ համար`բարեկամ և եղբայր են
Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններում սեպ խրել փորձող ուժերը ձախողվելու են։ Այդ մասին Day.Az–ին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։
Նա նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները օրեցօր զարգանում են։ «Իրանն ու նրա ժողովուրդը մեզ համար`բարեկամ և եղբայր են։ Մենք ունենք ընդհանուր կրոն, մեր լեզուն, մշակույթն ու պատմությունը մոտ են»,–հավելել է նա։
Իրանական կողմը ավելի քան 11 միլիոն դոլար է ներդնելու Ադրբեջանում Caspian Pharmed դեղագործական գործարանի շինարարության համար։ Report–ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Ալի Ռաբիին։
Նա նշել է, որ Ադրբեջանն ապագայում կձերբազատվի դեղորայքի ներկրումից, իսկ դեղորայքը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Ղազախստան և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը քննարկում են ագրոտեխնիկայի և ավտոբուսների գործարան հիմնելու հնարավորությունը, փոխանցում է Trend–ը։
Տրանսպորտային միջանցք
Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Այդ մասին հայտարարել է իրանական Գիլյանի նահանգապետ Մոհամեդալի Նաջաֆին: Նրա խոսքով, այդ նախագիծը քննարկվել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու իրանա-ադևբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզիի մասնակցությամբ կայացած հանդիպմանը, փոխանցում է Trend-ը:
«Երկաթծի երկարությունը կազմում է 7 կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի 2 կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին»,-նշել է Նաջաֆին:
Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև երկաթգծային կամրջի շինարարություն և ութ կմ-ոց երկաթգծի շինարարության Ադրբեջանի տարածքում:
Էներգետիկա
Ադրբեջանը 2016թ.–ից սկսելու է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը, փոխանցում է Trend–ը։ Բացի այդ, SOCAR 2016թ.–ի հունվար–սեպտեմբվերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ, փոխանցում է Iran.ru կայքը։ Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։
Ներդրումներ
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում, փոխանցում է Trend–ը։
Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։ Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։