VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության ներսում եւս բազում թեւեր ու տրամադրություններ կան, եւ ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին փուլում` բուրգը պահողը մի կողմից Փաշինյանից վախն է, մյուս կողմից` կերակրատաշտից զրկվելու վտանգը: Երբեմն ականատես ենք լինում նաեւ իշխանական պատգամավորներ-նախարարներ առճակատումներին։ Երեկ հերթական դրվագն էր՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջեւ։ Ալեքսանյանը հայտարարեց, թե դիմել է՝ բուժկենտրոնների ղեկավարների պարգեւավճարների մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց չի ստացել, չեն պատասխանել նաեւ բժիշկների աշխատանքային ժամերի հետ կապված։ Եվ նա մեղադրող-հանդիմանող տոնով սկսեց դաս տալ նախարարին, թե պատգամավորները բյուջե են հաստատում եւ այդ բյուջեից են բուժհիմնարկներին գումարներ տալիս։ Մասնագիտությամբ իրավաբան նախարարը «տակ չմնաց». «Պարոն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք»:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն Ավանեսյանի դեմ մի գրոհ էլ ձեռնարկել անկանխիկ գործարքների թեմայով։ Անցած շաբաթ էլ Անդրանիկ Քոչարյանն էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նեղել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին եւ հաշիվ էր պահանջում, թե ինչու է Մարտի 1-ի գործով քննիչ Ամբակում Գրիգորյանը ՔԿԾ պետ նշանակվել: Մինչդեռ բոլորին հասկանալի է, որ այդ պաշտոնին նշանակում է ՀՀ վարչապետը` նախարարի ներկայացմամբ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ խորհրդարանական ընդդիմության հրավիրած հրատապ նիստին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, որն անցկացվեց դռնփակ ռեժիմով, ՔՊ-ականները դիմել են մանր ժուլիկության՝ փորձելով փրկել կառավարության ներկայացուցիչ բանախոսներին` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. դռնփակ նիստի համար ԱԺ կանոնակարգ օրենքով 1.5 ժամ էր հատկացված, նիստի սկզբում, ըստ կարգի, նիստը նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց նախագիծը, որից հետո սկսվի հարցուպատասխանը, այնուհետեւ լսեն պատկան գերատեսչության ներկայացուցիչներին։ Ընդդիմության նախագծի զեկուցողն Արթուր Խաչատրյանն էր, ՔՊ-ականները նիստը սկսվելուն պես տասնյակներով գրանցվել են՝ ընդդիմադիր բանախոսին հարցեր տալու համար, հույս ունենալով, որ այդպիսով կսպառեն օրակարգը, եւ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն իշխանության դիրքորոշումը ներկայացնելու ժամանակ չեն ունենա։ Սակայն ընդդիմադիրներին վրդովվեցրել է սա, եւ պահանջել են ընդմիջման 30 րոպեն էլ օգտագործել, չնայած արագ հասկացել են, որ բանախոսները եկել են, որ Փաշինյանի հայտարարությունների ոգով ասեն՝ «եթե հող չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։
Ի տարբերություն Մհեր Գրիգորյանի, որ սահմանազատման գործընթացը ներկայացնելիս լալահառաչ, ահաբեկող հայտարարություններ չի արել՝ շեշտելով, որ բանակցություններ են ընթանում, Արարատ Միրզոյանը գրեթե պարզ տեքստով ասել է՝ Ադրբեջանին չպետք է մերժենք, չունենք մերժելու ռեսուրս, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Նա շատ վատ տրամադրություն է ունեցել, խոսելիս ձայնը բարձրացրել է ընդդիմադիրների վրա, սակայն նրան հորդորել են տոնը փոխել, ինչին ի պատասխան ընդունել է, որ լարված է․ առանց այն էլ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները չեն ստացվում, ընդդիմադիրների մեղադրանքներն էլ՝ մյուս կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ փակ քննարկում տեղի ունեցավ՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը բավականին թեժ է անցել: Նախ, ի սկզբանե, ՔՊ-ականները ջանք չխնայեցին, որ նիստը փակ ֆորմատով անցնի՝ պատճառաբանելով, թե գաղտնի հարցեր են քննարկելու: Ավելին՝ ընդդիմադիր մի քանի պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին, Լեւոն Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Մհեր Մելքոնյանին, Արմեն Ռուստամյանին, Մհեր Սահակյանին, Արթուր Սարգսյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին՝ հիմնավորելով, որ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։ ՔՊ-ից գաղտնիության թուլտվություն չուներ Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել մանդատը: Քննարկմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել Արարատ Միրզոյանը, որը ջանասիրաբար պաշտպանել է Փաշինյանի առաջ քաշած հակահայկական թեզերը:
Փոխարենը՝ Մհեր Գրիգորյանն է կառուցողական վարքագիծ դրսեւորել, ավելին՝ ընդդիմադիրներին ասել է, որ եթե էլի նման քննարկում նախաձեռնեն, կրկին պատրաստ է մասնակցելու: Թե՛ Միրզոյանի, թե՛ Մհեր Գրիգորյանի պատասխաններից պարզ է դարձել, որ իրականում, անգամ իշխանությունները չգիտեն՝ ի վերջո ինչ է սպասվում, երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու: Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, եւ որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում: Բացի այս, ընդդիմադիրները նաեւ նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի: Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել:
Տեղեկացանք նաեւ, որ Միրզոյանին եւ Գրիգորյանին հարցեր են ուղղել «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող էր հանդես գալիս:»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականից հետո արդեն կոռուպցիոն հնարամտություններով հայտնի իշխանությունը կարծես կարգախոս է որդեգրել՝ ունենալ հնարավորինս շատ ՊՈԱԿ-ներ՝ Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ների շարան ստեղծած իշխանությունը չի հապաղել եւ 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ մի ՊՈԱԿ է հիմնել։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնվել է Ռոմանոս Պետրոսյանի նախարարության օրոք։ Այն ժամանակ նախկին նախարարի օրոք ասվում էր. «Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին եւ բնապահպանությամբ իրապես մտահոգ շրջանակներն։ ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»։ Գուցե դարձել է նոր ու հզոր կարողություններով օժտված կառույց, սակայն հարց է, թե ո՞վ է տեղյակ այս կառույցի մասին։ 2024 թվականի հունվարի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որը կազմել է 250 մլն 950 հազար դրամ։
ՊՈԱԿ-ի ղեկավարը Խաչիկ Մարտիրոսյանն է։ Կառույցի նպատակը, ըստ պայմանագրի, սահմանված է՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, եւ փորձաքննական եզրակացության նախագիծը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարի հաստատմանը։ Մարտիրոսյանը, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, 2018 թվականին Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել։ Աշխատանքային գործունեությունն սկսել է անշարժ գույքի՝ կադաստրի համակարգում՝ 2007 թվականից: Աշխատել է Կոմիտեի կադաստրային գնահատման, այնուհետեւ վերահսկողության բաժնում: Երեւանում, ծառերի սպանդին զուգահեռ, ոչ մի անգամ այս կառույցը չդրսեւորեց իր գոյության արդարացումը։ Մեկ անգամ ՀՀ բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձաքննություն եւ փորձաքննական եզրակացություն չներկայացրեց։»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարան է գալիս իր հարազատների օգնությամբ։ Նա առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է քայլում։ Արդյունքում՝ նրան օգնելով բերեցին դատարան, ու նա սպասում էր, թե իրեն դահլիճ կկանչեն՝ ներկայանալու. սակայն կարգադրիչները նրան հայտնեցին, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Սուրեն Խաչատրյանը դասերի է գնում. միգուցե ծանուցում են ուղարկել նախկին ոստիկանապետին ու չի հասել։ Արդյունքում՝ Վլադիմիր Գասպարյանին այլ ելք չմնաց, քան ինչպես դժվարությամբ ներկայացել էր, այնպես էլ հեռանար դատարանից։ Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա կամ ուղեկցող ոստիկաններ՝ կալանավորներին դատարան բերելու համար, մյուս դեպքում վկաներին չեն կարողանում բերման ենթարկել. ահա այսպիսին է իրավիճակը դատարաններում։»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են հայտարարել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, թե ով է հետախուզվողը. նա Երեւան քաղաքի բնակիչ Գարեգին Վ.-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անունը տվել են ՔՊ գրասենյակի, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկների գործով կալանավորվածները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույզում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, հայտնեց, որ իրեն կամ որդիներին չեն հրավիրել հարցաքննության։ Ըստ նրա՝ հետախուզվողին չեն ճանաչում, անգամ անվան ու ազգանվան առաջին տառն էլ իրենց ոչինչ չի ասում։ Նշենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Գ. Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի եւ Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ. Ս.-ից եւ ինքնությունները դեռեւս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաեւ 42-ամյա Գ. Վ.-ն:
Բացի այդ, տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ վերջինս, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց եւ քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձանց հետ, կազմակերպել է Հայկ եւ Նաիրի Սարգսյանների հորը՝ Զ. Սարգսյանին պատկանող, Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունը: Փաստ է մեկ բան, որ 2 տարի անց իմացան, թե ով է իրականացրել պայթյունը, բայց գործը այս պահին «օդից կախված է». ենթադրյալ հանցագործը իր գործողությունն արել է 2 տարի առաջ ու անհետացել։ Նկատենք, որ այս պայթյունների գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչները։»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, եւ այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում»։ Իրականում, սակայն, Հայաստանում 2020թ. հոկտեմբերի 1-ին չտնկվեց ոչ մի ծառ. պատճառը, իհարկե, քովիդն ու պատերազմն էին։ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ պարզել, թե ուր են 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին եւ ինչու չտնկվեցին դրանից հետո գոնե։ Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ 15.01.2024թ., շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին խոստումը։ «2020 թվականին նախատեսված միջոցառումը չկատարվեց հայտնի իրադարձությունների արդյունքում՝ առաջին հերթին քովիդը, հետո՝ պատերազմը։ Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք»,- ասաց նա։ Նախարարը, սակայն, նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա՝ սա հորինված ընտանիք է, որը բնակվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեւակայության մեջ եւ մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքում։ Ուշագրավ է, որ Մաթեմյանների ընտանիքի բոլոր օրինակներն ուտելու մասին են: Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում եւս ուսուցիչները խայտառակ սխալներ են գտել, օրինակ՝ 4x8 հավասար է 48-ի կամ 6։8՝ հավասար է 1-ի։ Բայց առավել ուշագրավ է օրինակների բովանդակությունը: 5-րդի դասագրքում Մաթեմյանների ընտանիքը՝ ծնողներ Ադին եւ Բուդին, զավակներ Գուդին, Դուբին եւ Եգին ոչ այնքան երեխաներին են ուրախացնում, որքան ծնողներին նյարդայնացնում։ Ծնողներից մեկն ասաց, որ դիալոգներն ու իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են, անհեթեթ են։ Օրինակ․ «Մոկին ասաց, որ 3 օրում 2 կգ մանդարին է կերել, ես էլ ասացի, որ 2 օրում կարող եմ 3 կգ մանդարին ուտել»: «Ուսուցիչը մի անգամ պատմեց, որ կրեմով տապակած մանդարին է կերել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է նշել, սակայն ոչ այնքան ճոխ, որքան վարչական շրջանների ամանորյա կորպորատիվներն են նշել։ Սահմանադրության օրվա համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 175 հազար դրամ, միջոցառումն անցկացվելու է Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, որտեղ հանդես կգան 8 երգիչ եւ 1 հաղորդավար, ինչպես նաեւ 18-20 «հանրությանը հայտնի» պարողներ։