Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ», - ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։
Թվիթերում ցավակցական գրառում է արել նաև Հայաստանի արտգործնախարարությունը․ «Ցնցված ենք տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս ցավակցել է՝ նշելով. «Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»։
Ավելի վաղ VERELQ-ը` ՌԴ ԱԴԾ-ի վրա հղումով, հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել՝ հավելելով, որ ռուսական դիվանագիտական գերատեսչությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից:
Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկի "Կրոկուս Սիթի Հոլ"-ում համերգից առաջ հրաձգության ու հրդեհի մասին:
Գերատեսչությունը հայտնել է, որ կան զոհեր և տուժածներ: ԱԴԾ-ի տվյալներով՝ ուժային գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։