25.11.2024
ԵՄ ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը ՀՀ-ին
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում կայացավ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով հայ-ֆրանսիական բեմադրությունը

Մարտի 18-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պետական թատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով հայ-ֆրանսիական պարային բեմադրության ցուցադրությունը` նվիրված մեծ կինոռեժիսորի 100-ամյա հոբելյանին։


Բեմադրության հեղինակն է հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին, գաղափարի հեղինակը` «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի դեսպանությունների, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի և TBC բանկի կողմից։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալներ Լաշա Դարսալիան և Թեյմուրազ Ջանջալիան, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին։

Իր խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի բացառիկ հանճարին և անգնահատելի ստեղծագործական ժառանգությանը, որը հարստացրել է ոչ միայն Հայաստանի, Վրաստանի և համաշխարհային կինոաշխարհը, այլև մշակույթի աշխարհ բերել յուրահատուկ մի գեղարվեստական ոճ, որն էլ հիմք է հանդիսացել այս պարային բեմադրության ստեղծման համար։ Ա.Սմբատյանը առանձնահատուկ կարևորեց այս բեմադրության ցուցադրումը նաև Թբիլիսիում վրաց հանդիսատեսին, քանի որ որպես թիֆլիսեցի` Փարաջանովը խորապես կապված է եղել բազմերանգ մշակույթով և պատմությամբ հարուստ այս քաղաքի հետ, ինչն էլ իր անջնջելի հետքն է թողել վերջինիս ստեղծագործությունների վրա։ Եվ պատահական չէ, որ Փարաջանովի 100-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկվել է հենց Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով։