23.11.2024
Ցանկացած հաջորդ իշխանություն գնալու է մեծ փողերի հետևից՝ քանդված երկիրը վերականգնելու
prev Նախորդ նորություն

ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր. ո՞րն է պատճառը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «չիստկա» անել գործադիրում ու ազատվել մի շարք անգործունյա նախարարներից, բայց, արի ու տես, Փաշինյանի կադրային պահեստն այնքան սնանկ է, փորձառու մասնագետներ չկան, որ փոխարինողներ չի գտնում: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկացել է, այսպես ասած, «ռակիրովկաների» գնալ ու օրենսդիրից պատգամավորներին բերել գործադիր, անգամ նրանց առաջարկել է այս կամ այն նախարարի պաշտոնը, բայց ՔՊ-ական պատգամավորները տարբեր պատճառաբանություններով մերժել են՝ փորձելով նաեւ չբարկացնել Փաշինյանին: Տեղեկացանք նաեւ, որ պատճառն էլ այն է, որ պատգամավորները չեն ցանկանում Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ լինել ու խուսափում են նրա հետ ամենօրյա անմիջական առերեսումներից: Բացի սա, ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն իրենց հարմարավետ են զգում խորհրդարանում, ավելի «պրեստիժ» են համարում պատգամավորի պաշտոնը, դրա համար էլ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր»։


«Հրապարակ» թերթը գրում է. Պարզվում է՝ Արցախի ԱԺ պատգամավորները ոչ միայն գաղտնի նիստեր են հրավիրում, այլեւ ակտիվ հանդիպումների մեջ են տարբեր քաղաքական-հասարակական  կառույցների հետ։ Տեղեկացանք, որ փետրվարի սկզբներին էլ ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը եւ խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները՝ «Արդարություն»-ը, ԱԺԿ-ն եւ «Միասնական հայրենիք»-ը, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են ՀՀ խորհրդարանական  ֆրակցիաների ներկայացուցիչների հետ՝ առանձին-առանձին:  «Պատիվ ունեմ»-ը ողջ կազմով է ներկայացել հանդիպմանը, «Հայաստան» խմբակցությունը՝ եւս ներկայացուցչական կազմով․ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան եւ այլք։ Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի եւ Հայաստանում արցախցիների  խնդիրների վերաբերյալ հարցեր, կողմերը որոշել են հանդիպումները շարունակել, նույնիսկ քննարկվել է կանոնավոր հանդիպումների շարք իրականացնելու հարցը: Իսկ հանդիպման ֆորմատը եղել է` նախ խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում, որից հետո հանդիպում Արցախի նախագահի հետ: Այսինքն՝ նույն օրը պատգամավորները նաեւ Սամվել Շահրամանյանի հետ են հանդիպել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորումից առաջ հարցազրույց է տվել ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy-ի հաղորդավարներին եւ հայտարարություն է արել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել է ՀՀ քննչական կոմիտե ու ասել է, որ անմեղ մարդիկ չպետք է նստեն, իսկ մեղավորները պետք է նստեն։ Ինչո՞ւ է Փաշինյանը գնացել կոմիտե եւ հրահանգ տվել նախաքննական մարմնին, որի իրավունքը չունի, ի՞նչ գիտի նա՝ ով է մեղավոր եւ ով մեղավոր չէ: Նախաքննությունը ինքը պետք է պարզի անձի մեղավոր կամ անմեղ լինելը. ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում քրեական գործերին։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ կառավարությունից։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե եւ ինչ հրահանգ է տվել։ Ի պատասխան՝ նա հայտնեց, որ Վահան Քերոբյանի հայտարարությանը ծանոթ չէ, ու ինքը չէ, որ պետք է մեկնաբանի Վահան Քերոբյանի հայտարարությունը։ Իսկ, ահա, Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետը օգոստոսին Քննչական կոմիտե չի եկել, այլ հոկտեմբերի 9-ին է այցելել, ինչի մասին իրենք պաշտոնական հաղորդագրություն տարածել են։ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, այսօր կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը։ Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի մեծությունների՝ Վիկտոր Հյուգոյի, Ռուսոյի, Էմիլ Զոլայի եւ Ալեքսանդր Դյումայի կողքին։ Նրա աճյունը պանթեոն տեղափոխելու որոշումը կայացրել է Էմանուել Մակրոնը։ Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության հերոսներից էր, նա եւ իր խմբի անդամները ընկան 1944 թ. փետրվարի 21-ին: Կառավարության լրատվականը Փաշինյանի այցի վերաբերյալ հարցին հերթապահ պատասխան տվեց. «Բոլոր այցերի մասին վարչապետի աշխատակազմը պատշաճ տեղեկացնում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեմյանների մասին պատմող շարքը շատ սպասեցնել չտվեց։ «Հայր եւ որդի Երեմյաններ» եւ «Yeremyan Products» ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բոլոր գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։ Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւել եւ նկատել է, որ անձինք, որոնք փոխանցումներ են կատարել դրամահավաքի ընթացքում, փաստացի ֆինանսական նման եկամուտներ ստանում են ամբողջ տարվա ընթացքում։ Նրանք նույնիսկ քաղաքական հայացքներով չեն հարում ներկայիս իշխանությանը, ինչը նկատելի է նրանց սոցանցերի անձնական էջերից։


«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Երեմյաններին պատկանող ընկերություններում կա հստակ սահմանված աշխատանքի վարձատրության սանդղակ։ Աշխատակիցների մի մասը աշխատանքի վարձատրություն է ստանում 100-ից մինչ 200 հազար դրամ, իսկ, այսպես կողչված, վերնախավը՝ 1 մլն եւ ավելի։ Բանն այն է, որ ՔՊ-ի դրամահավաքին 2,5 մլն դրամ հանգանակած քաղաքացիները այս երկու սանդղակի մեջտեղում են, որոնք վաստակում են գրեթե 400 հազար դրամ։ Ստացվում է, որ մեկ անգամ 2 մլն 500 հազար փոխանցելու համար նրանք պետք է խնայեին 6 եւ ավել ամսվա աշխատանքի վարձատրությունը։ Կարծում ենք, որ ՔՊ հիմնադրամն այն կառույցը չէ, որի համար արժե վեց ամիս առանց հացի եւ ջրի մնալ, որպեսզի օգնեն նրանց կազմակերպել նախընտրական քարոզարշավ։


Երեմյանների աշխատակիցները, որոնք ցանկացան մնալ անանուն, դեպքեր են հիշում, երբ իշխանության սիրելի ընկերությունը աշխատակիցներին գրանցել է կես դրույքով, որպեսզի պետությանը քիչ հարկ վճարի։ Այս է իշխանության սիրելիի մենաշնորհը վայելող ընկերության գործելաոճը։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Հայր եւ որդի Երեմյաններ» եւ «Yeremyan Products» ընկերությունների սեփականատեր Դավիթ Երեմյանի հետ, փորձեցինք ճշտել եւ մեկնաբանություն ստանալ՝ արդյոք հնարավոր է աշխատել իրենց ընկերության ոչ գործադիր մարմնում եւ կարողանալ 2,5 մլն դրամ հանգանակել ՔՊ հիմնադրամին. «Ես երկրում չեմ, մենք հայտարարությամբ հանդես եկել ենք»։ Փորձեցինք ճշտել՝ ինչպես է ստացվել, որ Երեմյանների աշխատակիցները գումարներ են փոխանցել, սակայն դրա մասին տեղյակ չեն եղել, ինչին ի պատասխան՝ Դավիթ Երեմյանը նշեց․ «Մեր հետ կապված նման բան գոյություն չունի. դա կարող է ուրիշների մասին լինել»։ Այս ամենին զուգահեռ՝ տեղեկացանք, որ ցուցակում տեղ գտած անձանցից մի քանիսը Info.com-ի հրապարակած հոդվածից են տեղեկացել, որ իրենց անունից փոխանցումներ են կատարվել այն դեպքում, երբ նրանք այդ նպատակով բանկ չեն այցելել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվեց պաշտոնից, սակայն մինչ օրս նշանակում չի արվել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշված է եղել նշանակել ֆինվարչության պետ Վիլեն Արեւշատյանին, սակայն գործը գլուխ չի եկել, որովհետեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի ազատման հարցն է առաջ եկել: Առաջիկա օրերին նա կնշանակվի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության` ԳԱՍԿ-ի պետ: Կստացվի, որ Ավինյանի մի մերձավորին փոխարինեց մեկ այլ մերձավոր: Իսկ Կենտրոնի թաղապետ կնշանակվի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերներից է։ Վերջինս ջերմ հարաբերություններ ունի նախկինների, մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու, մարզի բնակիչները՝ հատկապես Մարտունի խոշորացված համայնքի, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, ճանապարհներ փակել։ Բողոքի առիթն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու ՊԵԿ նախաձեռնությունն է։ Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած եւ ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն եւ Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։ Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը։


«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել: Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, եւ ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տեւելու է 3 օր։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած եւ համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Այն խոստանում է բավականին հետաքրքիր անցնել, քանզի մի քանի ակումբներ լուրջ տրանսֆերներ են իրականացրել, ինչը թեժ պայքար է խոստանում: Նման ակումբների թվում է 2014թ.-ին հիմնադրված՝ «Տոտո Գեյմինգ» ընկերության սեփականատեր (2017թ.-ին այն անվանափոխվել է «Դիջիթեյնի»-ի) Վարդգես Վարդանյանի կողմից գնված «ՆՈԱ»-ն: Ինտրիգը նրանում է, որ ՀՖՖ-ում Վարդանյանին սկսել են ընկալել ոչ ամբողջովին «կանտրոլի» տակ գտնվող անձ, ու շրջանառվում են խոսակցություններ, որ «ՆՈԱ»-ն չի կարող մասնացել 2024թ.-ի եվրագավաթներին (թիմն այս պահին երկրորդ հորիզոնականում է. հաշվի առնելով համալրումները՝ մեծ հավանականությամբ կլինի մրցանակային տեղերում, ինչը նշանակում է մասնակցություն ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող միջազգային մրցաշարերին): Թիմի շուրջ աճող լարվածության ֆորմալ պատճառը ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից սահմանված արգելքներն են, համաձայն որոնց՝ բուքմեյքերական ընկերությունների հետ փոխկապակցված թիմեր չպետք է լինեն, առավել եւս՝ դրանց մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի միջազգային մրցումներին: Հայկական օրենսդրությունը նման արգելք չի սահմանում. մեզ փոխանցեցին, որ ՖԻՖԱ-ի նորմերն այս առումով ավելի խիստ են ու իմպերատիվ: Սպորտային իրավունքի մասնագետ մեր աղբյուրները խոստացել են մոտ ապագայում ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ, ինչը կհրապարակվի մեր կողմից:


Մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս տարեվերջից «ՆՈԱ»-ի սեփականատերերն ինչ-ինչ իրավական գործընթաց են սկսել, որպեսզի նշյալ խնդիրներին չբախվեն, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ այս պարագայում առաջնային է ՀՖՖ ղեկավարության «դաբռոն» ունենալը, որը չի խոչընդոտի, իսկ որ ՀՖՖ-ում, մեղմ ասած, այլ բարքեր են, ու կարեւորը ցանկութունն է, դա երեւաց 2023թ.-ին կազմակերպված ՀՖՖ նախագահի ընտրություններից: Սպասենք զարգացումներին ու տեսնենք, թե ինչ կանի Վարդգես Վարդանյանը: Ի դեպ, 2022թ.-ին նորաբաց «Նորավանք» ակումբը դարձավ Հայաստանի գավաթակիր, սակայն նրանք զրկվեցին մրցանակից ու չկարողացան մասնացել եվրագավաթներին, քանզի ՈՒԵՖԱ-ն չթույլատրեց, ինչից հետո ՀՖՖ-ն «հանգիստ հետեւեց» եւս մեկ մարզային ակումբի փակմանը: Նմանատիպ իրավիճակում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի նաեւ շահումով խաղերի բիզնես ունեցող Վարդգես Վարդանյանի «ՆՈԱ»-ն»։