27.11.2024
ԼՂՀ  ՊՆ. Հակառակորդը կիրառել է ինքնաձիգեր և գնդացիրներ
prev Նախորդ նորություն

«Եթե ՀՀ տնտեսության վիճակը ողբալի չլիներ, իշխանությունները չէին ընդունի «1000 դրամ» մուրալու խայտառակ օրենքը»

Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը: Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Իր այս թեզը այսօր կայացած ՀԱԿ համագումարում կրկնել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետևւանքների է հասցրել այս փիլիսոփայությունը` ավելորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

Հայաստանի առաջին նախագահը նկատել է, որ թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռեւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել.

«Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը»,- ասել է նա։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են պատասխանել երեք հարցերի` ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, եւ որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո, ըստ նրա, անընդհատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որեւէ միտում չի դրսեւորում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Բայց.

«Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է եւ ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ»,- շեշտել է նա:

Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ է, ըստ ՀԱԿ առաջնորդի, պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում` առանց առողջացման որևէ հեռանկարի, թունելի վերջում լույս չի երեւում.

«Դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծ-վում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման եւ Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջեւ։ Եվ նյութական ռեսուրսների առումով եւս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը։

Ըստ ՀՀ առաջին նախագահի` գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ, որ մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը.

"Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ",- հավելել է նա։