Մեդվեդև. Ռուս- թուրքական հարաբերությունների բարդ ժամանակաշրջանն արդեն հաղթահարված է
Ռուս- թուրքական հարաբերությունների բարդ ժամանակաշրջանն արդեն հաղթահարված է, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրիմի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վստահ եմ, որ ընդհանուր ջանքերով մենք հաղթահարեցինք ռուս- թուրքական հարաբերությունների դժվար ժամանակաշրջանը»,- ասել է Մեդվեդեւը, կոչ անելով դասեր քաղել անցյալից ու նոր փոխհարաբերությունները կառուցել իրատեսորեն։
Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի խորհրդարանը կվավերացնի «Հարավային հոսք» գազամուղի շինարարության մասին համաձայնագիրը։ Խողովակաշարը բաղկացած է լինելու երկու ճյուղերից, որոնցից առաջինը նախատեսում է գազի մատակարարումներ հենց Թուրքիայի կարիքների համար, իսկ երկրորդը՝ մատակարարումներ այդ երկրի սահման՝ դեպի Եվրոպա հետագա տարանցման համար։ Ռուսաստանի վարչապետի խոսքով, «Հարավային հոսքը» պետք է լրացնի եվրոպական շուկա գազի մատակարարումների հնարավորությունները «ու միաժամանակ եվրոպական սպառողներին ապահովագրի առկա ռիսկերից»։
«Իսկ որ նման ռիսկեր կան՝ մենք արդեն հոյակապ գիտենք, այդ ռիսկերը պարբերաբար հիշեցնում են իրենց մասին, ինչպես ասում են՝ դրսեւորվում են»,- ամփոփել է Մեդվեդեւը։
Ռուսաստանում աշխատում են թուրք մասնագետներ, օգնելով իրականացնել մի շարք խոշոր նախագծեր՝ այդ թվում 2018-ի ֆուտբոլի առաջնության կապակցությամբ։ «Դուք գիտեք, որ մեզ մոտ դեռ պահպանվում են մի շարք սահմանափակումներ, միեւնույն ժամանակ Թուրքիայից մասնագետների ներգրավման սահմանափակումների զգալի մասը չեղարկված է»,- հայտնել է Մեդվեդեւը։
Ինչ վերաբերում է Թուրքիայում Ակկույու ԱԷԿ-ին, ապա կողմերն ուզում են արագացնել նախագիծը ու ավարտել այն 2023-ին՝ Թուրքական հանրապետության 100-ամյակի ժամանակ։
Մեդվեդեւը հայտնել է, որ արդեն հաջորդ տարի կարող է գործարկվել Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ներդրումային հիմնադրամը։ «Այն կուտակելու է միջոցներ զանազան նախագծերի ֆինանսավորման համար, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է նա՝ Թուրքիայի վարչապետի հետ կայացած բանակցությունները որակելով բովանդակալից։
«Մենք բովանդակալից բանակցություններ ենք ունեցել, քննարկելով թեմաների ամենալայն շրջանակ՝ առեւտուր, ներդրումներ, էներգետիկա՝ թե նավթագազային, թե ատոմային, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ ու գյուղատնտեսություն՝ մի խոսքով այն ամենը, ինչը բնորոշ է մեր հարաբերություններին»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։