Երեւանը չի բացառում Համբուրգում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Պաշտոնական Երևանը չի բացառում Համբորգում Հայաստանի եւ Ադրեբջանի ԱԳՆ ղեկավարների Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման հնարավորությունը: «Չեմ բացառում, բայց դեռևս այդ հանդիպումը հաստատված չէ», - Հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, հայտնում է «Ազատության» ռադիոկայանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում։
Նալբանդյան նաեւ անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Սերգեյ Շոյգուի երեկ Մոսկվայում ստորագրած հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագրին, եւ շտ հակիրճ նշել. «Դրա վերաբերյալ պաշտպանության նախարարը համապատասխան հայտարարություն արել է, այդ ոլորտն է, հարցազրույց է տվել: Կարծեմ այդ պատասխանի մեջ մանրամասն անդրադարձել էր այդ հարցին»:
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մեկնաբանությունը համաձայնագրի վերաբերյալ։
Մակարյանը մասնավորապես նշել է, որ ստորագրված փաստաթղթով Հայաստանը և Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:
Անդրանիկ Մակարյանն ընդգծել է նաև, որ Միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը: