Սերժ Սարգսյան. ՀՀԿ առաջնահերթ խնդիրն է՝ 2017-ին կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
Գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Այս մասին ՀՀԿ համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Ըստ Սարգսյանի` քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները:
«Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը: Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով` վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի թերևս ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Նախագահը վստահություն հայտնեց, որ Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այդ պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն ՀՀԿ-ին:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներին, ՀՀԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանի համայնքների շուրջ 70%-ում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը.
«Սա խոսուն ցուցանիշ է: Մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի դիմաց, վստահության և մեր ծրագրերի դիմաց, և ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում։ Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017 թվականի գարնանը կայանալիք՝ Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները: Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ: Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով»,- ասաց նա` հավելելով, որ Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։
«Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում։ Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- հավելեց նա: