26.11.2024
Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը «կանաչ լույս» տվեց ապօրինի հարստացման քրեականացման օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Համաձայն նախագծի՝ ապօրինի հարստացումը կքրեականացվի, ՀՀ քրեական օրենսգրքում կավելանա նոր՝ 310․1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»: Կառավարությունն առաջարկում է ապօրինի հասրտացման համար սահմանել ազատազրկում` 3-ից 6 տարի ժամկետով:

«Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։

Թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք՝ ծնողը, կինը կամ ամուսինը, և նրանց հետ ապրող չափահաս և չամուսնացած զավակները:

Ավելի վաղ նախարար Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ քրեականացումը հետադարձ ուժ չի ունենա: