Աթեշյանը մասնակցել է Նյու Յորքում անցկացված եկեղեցական ընդհանուր ժողովին և կարծում եմ, եթե կաթողիկոսի հետ հարցեր ունենար քննարկելու, ապա այդ առիթը այնտեղ հաստատ կօգտագործեր՝ լավ իմանալով, որ Հայաստանում իրեն լավ չեն ընդունելու: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը երեկ ժամանել է Հայաստան և այժմ գտնվում է Մայր Աթոռում:
«Այդուհանդերձ, Աթեշյանը ստիպված էր Երևան ժամանել, որովհետև առաջիկայում սպասվում են ընտրություններ և այժմ նա ամեն ջանք կգործադրի, որպեսզի փորձի իր հարաբերությունները լավացնել Հայաստանում բնակվող հայության հետ: Աթեշյանը կփորձի որոշակի մեթոդներով փրկել այն իրավիճակը, որը ձևավորվել է իր անձի շուրջ հայտնի նամակից հետո: Բայց դա չի ստացվելու»,- շեշտեց պատգամավորը:
Ախոյանը նշեց, որ Աթեշյանին միայն այդ նամակով չէ, որ ճանաչեցին, նա վաղուց է իրենց ուշադրության կենտրոնում՝ հակահայ գործունեության և Թուրքիայի իշխանությունների հրահանգների կամակատարը լինելու պատճառով.
«Ես ծանոթ եմ Աթեշյանի նաև այն գործունեությանը, որը հրապարակային չէ: Նա, մասնավորապես, մասնակցում է քեմալիստական ծրագրերի իրագործմանը, որը Արևմտյան Հայաստանի տարածքում դավանափոխ հայերի ասիմիլյացիոն գործընթացի շարունակականությունն է և պետք է նշեմ, որ դա կատարում է փայլուն, որովհետև ցավոք պոլսահայության և այս տարածաշրջանում ապրող դավանափոխ հայության մեջ մեծ անջրպետ կա և այդ կոնտեքստում իրեն մնում է միայն անել այն, ինչ ասում են թուրքական իշխանությունները»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Միևնույն ժամանակ Արագած Ախոյանը կարծիք հայտնեց, որ դժվար թե Աթեշյանը հաջողի այս փուլում, քանզի սկանդալային այդ նամակը լավություն չէր առաջին հերթին հենց թուրք իշխանություններին, որովհետև նման քծնողական, անհեթեթ նամակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Թուրքիայում ապրող փոքրամասնությունների վիճակին, երբ միջազգային հանրությունը գրեթե ամեն օր ահազանգում է Թուրքիայում տեղի ունեցող ապօրինությունների մասով, մեկ էլ հանկարծ հայ արքեպիսկոպոսը նման նամակով է հանդես գալիս: Իսկ դրանով, համոզմունք հայտնեց պատգամավորը, Աթեշյանը առավել անհարմար վիճակի մեջ դրեց թուրք իշխանություններին.
«Եվ այդ մասին միայն ես չէ, որ ասում եմ: Ես ունեմ բազմաթիվ կապեր Թուրքիայում՝ խորհրդարանում և իշխանությունում, և երբ այս հարցը քննարկում էինք, նրանք ասացին նույնը՝ այդ էժանագին քծնանք էր, որը հարվածեց թուրք իշխանություններին և հաստատ նրանց պետք չէր ներկայիս իրավիճակում: Այսօր բոլորը հասկացել են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում մեծ դերակատարություն կարող է ունենալ ապագա Պոլսո պատրիարքը, սակայն միանշանակ է, որ խոսքը Աթեշյանի մասին չի կարող լինել, քանի որ նրա ձեռամբ այդ ծրագրերը ուղղակի կձախողվեն: Այնպես որ լավ կլինի, որ Աթեշյանը զբաղվի իր բիզնեսով և չձգտի էլ ավելի պղծել Պոլսո պատրիարքարանը»,- ասաց Ախոյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում շատ ծանր պայքար է իրեն սպասվում, քանզի հայությունը՝ թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում, ուղղակի թույլ չի տա նրան հաջողել ընտրությանը.
«Մենք ամեն ինչ կանենք, որ ընտրությունն անցնի արդար և ընտրվի միա այնպիսի հայրենասեր, որը պիտանի կլինի ոչ միայն հայրենիքին, այլև առաջին հերթին Թուրքիային, որովհետև նման քծնանքի ջատագովները չեն կարող լավություն անել Թուրքիային, որը, իբրև թե, ձգտում է ժողովրդավարության»:
Հիշեցնենք, Գերմանիայի բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող բանաձևի ընդունումից հետո Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հանդես եկավ Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված նամակով, որում գրում էր, թե «առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը հայ ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»։ Ըստ Աթեշյանի՝ հայ ժողովուրդը թուրք ժողովրդի հետ վշտում է Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի առնչությամբ: Խայտառակ նամակը հայ հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, անգամ պատգամավորները պահանջեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցական կանոնակարգերով իրեն վերապահված լիազորություններով, այդ թվում և եկեղեցական ընդհանուր ժողով հրավիրելով առաջ քաշել Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Մինչդեռ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնեցին, որ չեն բացառում, որ Արամ Աթեշյանի նամակը Էրդողանին հարկադրաբար է գրվել, ինչը, իբրև թե, տեղավորվում է Թուրքիայի վարած քաղաքականության տրամաբանության մեջ:
Հիշեցնենք նաև, որ առաջիկայում սպասվում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունր, քանզի բոլորովին վերջերս պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ պատրիարք
Մեսրոպ II Մութաֆյանը պաշտոնաթող է արվել։ Վերջինս ծանր հիվանդության պատճառով 2007 թվականից չէր կարողանում կատարել իր գործառույթները և 2010 թվականից պատրիարքի փոխանորդ էր ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Պատրաստեց
Լիա Խոջոյանը