25.11.2024
Հայաստանն ու Ուկրաինան պարբերական խորհրդակցություններ կանցկացնեն զգայուն հարցերի շուրջ
prev Նախորդ նորություն

Հայաստանը ձեռք է բերում 6 միավոր «Սմերչ» և 6 միավոր «Սոլնցեպյոկ». զեկույց

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:

Զեկույցում նշվում է, որ 2015-ին պատվիրված համակարգերը Հայաստանը ստանալու է 2016 թվականին: Մինչ այս Հայաստանի զինված ուժերին արդեն մատակարարված «Սմերչ» համակարգերը ներկայացվել են սեպտեմբերի զորահանդեսի ժամանակ, իսկ «Սոլնցեպյոկ» համակարգերը դեռ չեն ներկայացվել:

Հետաքրքիր է, սակայն, որ զեկույցում չի նշվում «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մասին, որոնք ցուցադրվել են նույն զորահանդեսի ժամանակ:

Վերլուծական կենտրոնի գնահատականով «Սմերչ» համակարգերի համար Հայաստանը վճարելու է 60 մլն դոլար, իսկ «Սոլնցեպյոկների» համար՝ 40 մլն դոլար, գրում է "Ռազմինֆո"-ն:

Զեկույցում նշվում է նաև, որ 2016 թվականին Հայաստանը ստանալու է նաև 2015 թվականին Ռուսաստանից պատվիրված «Տիգր» զրահամեքենաներ և «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (երկուսն էլ անհայտ քանակի): Նշված զինատեսակները, հիշեցնենք, Հայաստանը գնում է 2015-ին Ռուսաստանից վերցրած 200 մլն դոլար արտոնյալ վարկով:

Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում նոր տեղեկություններ չկան, վերահաստատվել են Տ-90 տանկերի և այլ սպառազինության մատակարարումների ավարտի մասին տեղեկությունները, որոնք հայտնի էին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրից: