«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունները կվերազինի
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր, որն ուղղված է շրջափակման հետևանքով ստեղծված պարենային ճգնաժամի մեղմանը:
Ծրագիրը նախատեսում է շուրջ 14․000 քմ ջերմոցային տնտեսությունների վերազինում` հովացման, խոնավացման, լուսավորման, ջեռուցման, ոռոգման և պարարտացման համակարգերով, ինչ հնարավորություն է տալու բարձրացնել տնտեսությունների արդյունավետությունն ու զգալիորեն ավելացնել արտադրանքի ծավալները:
Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Օրերս «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և Արցախի Հանրապետության (ԱՀ) գյուղատնտեսության նախարարության ու ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, և արդեն մեկնարկել է հայտերի ներկայացման գործընթացը:
Ծրագրի շահառու կարող են դառնալ 300 և ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։ Նրանք հայտերը կարող են ներկայացնել ԱՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովին: Ջերմատների վերազինման աշխատանքների ընդհանուր արժեքի 95 տոկոսի ֆինանսավորումն ապահովվելու է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով (որից 45 տոկոսը ձևակերպվելու է անտոկոս փոխառության տեսքով), իսկ 5 տոկոսը վճարելու է սեփականատերը:
Ծրագրին և ջերմատնային ուղղության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը: Խոսելով Արցախի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից ծրագրի կարևորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ստիպում է քայլեր իրականացնել պարենային ինքնաբավության ապահովման ուղղությամբ: Այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Այն կարևոր է թե՛ պարենային անվտանգության ապահովման, թե՛ ապագայում բիզնեսի զարգացման, թե՛ այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի պահպանման ու նորերի ստեղծման տեսանկյունից: Ծրագիրը նպաստելու է նաև գյուղատնտեսության մեջ նոր ստանդարտների ներդրմանը, ինչը չափազանց կարևոր է ոլորտի զարգացման առումով: Ես շնորհակալ եմ գործակալության նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումներով օգնելու են այսպիսի կարևոր խնդրի լուծմանը»:
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։