14.12.2024
ՌԴ-ի հետ աշխատելու ենք այնպես, որ չհայտնվենք Արևմուտքի պատժամիջոցների տակ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն կոչ է արել հայությանը թույլ չտալ Հայաստանի իշխանություններին Ղարաբաղը հանձնել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։


Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունում:


"Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։


Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։


Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։


Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները, անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։


Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան" - ասվում է Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ։