23.11.2024
Տասը ամիս անց ՀՀ-ն դեռ հրաժարվում է ներկայացնել, թե ինչու հայտարարվեցի նոն գրատա. Փափազյան
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ից եմ, սա է հիմնավորումը. Սպիտակի ՍԱՊԾ նախկին պետը՝ քաղաքական հետապնդման մասին

Պատերազմից հետո ինձ որևէ իմաստային պատճառ չեն ասել, որի համար ազատում են պաշտոնից, ՀՀԿ-ից եմ, սա էր նրանց հիմնավորումը։ Որևէ մեղադրանք, որևէ բացատրություն չի եղել, պարզապես ազատել են պաշտոնից, որովհետև «նախկին» եմ։ Այս մասին այսօր MediaHub-ին պատմեց ՍԱՊԾ Սպիտակի տարածքային բաժնի նախկին պետ Սամվել Խոյեցյանը։


Խոեցյանը փոխանցեց, որ բողոք է ներկայացրել դատարան։


«Վարչական դատարանը բավարարել է, այս պահին Վերաքննիչ դատարանի գործընթացի մեջ ենք ու բավականին խնդիրներ են առաջացնում արհեստականորեն»,- նշեց նա։


Սամվել Խոյեցյանի խոսքով՝ իրեն պաշտոնից ազատելը անօրինականությունների շղթա է, իսկ ազատման պատճառը միայն քաղաքականությունն է։


«Հարցն այն է, որ ես քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել: Իմ թիմում էլ, բնականաբար, եղել են ՔՊ-ականներ, բայց քաղաքական ուղղվածությունը որևէ կերպ չի անդրադարձել մեր աշխատանքի վրա, իրենք էլ երբևէ բողոք չեն ունեցել։ Պնդում եմ, որ սա քաղաքական հետապնդում է ու կարծում էի, որ իմ ճիշտը կարող էի դատական գործընթացով ապացուցել, բայց ամեն ինչ անում են, որ դատական նիստերի բնականոն ընթացքը խաթարեն։ Իմ աշխատանքը բոլորն են տեսել, չեն կարող մեղադրել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, չեն կարող մեղադրել իմ քաղաքական հայացքները աշխատավայրում պարտադրելու մեջ, ոչինչ չկա, իրենք էլ են սա լավ հասկանում»,-ասաց նա։


Մեր զրուցակիցը նշեց, որ սոցիալական ոլորտում է արդեն 20 տարի և ղեկավարի պաշտոնում էր 2016 թվականից.


«Հիմա ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ունեն, որը, կներեք, անփորձ է: Ես աշխատել եմ այն շրջանում, երբ համավարակ էր, երբ պատերազմ էր ու քաղաքացիներն իրենք են տեսել, թե ինչ աշխատանք է տարվել։ Աշխատողներն էլ չեն դժգոհել, ես բոլորին, նույնիսկ ՔՊ-ական աշխատողներին եմ հարցրել, թե ինչ խնդիր են տեսնում իմ աշխատանքում, որևէ բացասական կարծիք չի հնչել, խախտում, թերացում, ոչինչ չի եղել։ Ես քաղաքացիական ծառայող եմ և իմ քաղաքական հայացքները չէին կարող աշխատանքում արտացոլվել։ Հատկանշականն այն է, որ ինձնից հետո ում որ նշանակեցին ժ/պ, նրա հրամանը տվել էին այն ժամանակ, երբ իմ ազատման հրամանը դեռ չկար։ Ամեն դեպքում, իմ հույսը չեմ կտրում, որ արդարացի որոշում կկայացվի։ Վարչական դատարանն իմ հայցը բավարարել էր, սակայն իրենք դիմեցին Վերաքննիչ դատարան, որից հետո քաշքշուկների մեջ եմ՝ մի օր դատական կարգի մեջ է փոփոխություն, մի օր դատավորն է հիվանդ և այլն։ Ինչ ուզում անում են»,-շեշտեց Խոյեցյանը։


Նրա պնդմամբ՝ այս ամենը հիասթափեցնող է.


«Եթե պետական ապարատը վերածում են կոլապսի ու ոնց ուզում, անում են, բաժանումներ են մտցնում՝ ՔՊ-ական և այլն, և սա դատարանը նույնիսկ չի կարողանում կարգավորել, ուրիշ ոչինչ չի մնում անել, քան ենթադրել, որ քաղաքական հետապնդման ես ենթարկվում, որից հետո քեզ մի տարբերակ է մնում՝ ընտանիքով երկրից գնալ»։


Նշենք, որ Խոյեցյանը ՎԴ էր դիմել հետևյալ պահանջով․ «ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ գլխավոր քարտուղարի 14.04.2021թ. թիվ 2894-2021 հրամանը վերացնել, ՀՀ ԱՍՀ նախարարությանը Սամվել Խոյեցյանին նախկին պաշտոնին համարժեք` ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնին նշանակելուն պարտավորեցնելու և ՀՀ ԱՍՀ նախարարությանը Սամվել Խոյեցյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նրա միջին աշխատավարձի գումարը սկսած 14.04.2021թ. վճարելուն պարտավորեցնել»։