ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը` հաստատելով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:
Խորհրդարանը քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» նախագիծը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է նախագիծը, որում, ի թիվս այլ դրույթների, խստորեն դատապարտվում են դեկտեմբերի 3-ին եւ 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:
Հարակից զեկույցում Մարիա Կարապետյանը նշել է, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին` Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակվելուց հետո, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն` «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին», որն ուժի մեջ է: Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության տեքստում առկա են մի շարք ձեւակերպումներ եւ բառեր, որոնց վերաբերյալ կայացած քննարկումների արդյունքում փոխհամաձայնություն չի եղել, ուստի հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն չի տվել: Մարիա Կարապետյանի խոսքով հայտարարության նախագծում պետք է ներառված լինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնցով Հայաստանի դիրքորոշումը ներդաշնակ կլինի միջազգային հանրության դիրքորոշումներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քատուղար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ հայտարարության նպատակն է միջազգային հանրությանը եւ ամբողջ առաջադեմ հասարակայնությանը մղել, որպեսզի Ալիեւի ցեղասպան քաղաքականությունը կանխելու գործում համագործակցեն հայության հետ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիրե խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ խորհրդարանը դեռեւս անցած դեկտեմբերին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս նախագիծն իր բովանդակությամբ էապես չի տարբերվում արդեն ընդունված նախագծից: «Այս հայտարարության նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ է անում ընդդիմությունը»,- ասել է Հայկ Կոնջորյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը:
Նախագծին կողմ է քվեարկել 28 պատգամավոր:
Հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում: