26.11.2024
Դեսպան. Կտրամադրի՞ Ռուսաստանն Ադրբեջանին թեւավոր հրթիռներ
prev Նախորդ նորություն

Նաղդալյան. Չավուշողլուի տեսլականը՝ 5 շրջանների վերադարձի շուրջ, իրականության երևակայական ընկալում է

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում «Իրավիճակը Թուրքիայում` պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո» թեմայի քննարկմանը ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի Չավուշողլուի տեսլականը՝ 5 շրջանների վերադարձի շուրջ, իրականության երևակայական ընկալում է: Մինչդեռ ռեալ իրականության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Հերմինե Նաղդալյանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ է համարել Չավուշողլուի հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարությունները.

«Եթե Թուրքիան իսկապես մտադրված է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ դեպքում վավերացված և ի կատար ածված կլինեին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը», - իր ելույթում նշել է նա:

Անդրադառնալով պետական հեղաշրջումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայում ծավալված հակաժողովրդավարական գործընթացները:

«Այս քննարկումը լավագույն վկայությունն է, որ իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության «թեժ կետերից» մեկը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրի անկայուն իրավիճակը կարող է պայթունավտանգ լինել ոչ միան տարածաշրջանի համար, այլ առավել լայն իմաստով»,- իր մտահոգությունն է հայտնել հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրել, որ նախագահ Էրդողանի կործանարար արձագանքը որևէ հույս չի թողնում՝ երկրում ցանկացած ժողովրդավարական գործընթացի համար:

Ըստ ԱԺ փոխնախագահի` ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը օգտագործում են իբրև երկրում բողոքի ակցիաները ճնշելու արդարացում: Եվ դրա արդյունքում հազարավոր զինծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ և քաղաքացիական ծառայողներ հանկարծակի ձերբակալվում են կամ աշխատանքից հեռացվում:

«Մարդու հիմնարար իրավունքների կասեցում է նշանակում վերջերս երկարաձգված արտակարգ դրությունը, միաժամանակ` մահապատիժը կրկին կիրառելու քննարկումը»,- վստահեցրել է Հերմինե Նաղդալյանը, դրա վառ ապացույց դիտարկելով նաև այն, որ իշխանությունները փակել են մի քանի քրդական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, այդ թվում` մանկական մեկ ալիք:

«Կարո՞ղ եք պատկերացնել` Թուրքիան սպառնալիքի իրական աղբյուր է դիտարկում մուլտֆիլմային մեկ ալիքը: Եզրակացությունն անխուսափելի է, հարգելի գործընկերնե՛ր, Թուրքիան ավելի ավտորիտար է դառնում, ավելի անկանխատեսելի, որը բերում է հասարակության խորապես պառակտվածության»,- իշեշտել է Հայաստանի ներկայացուցիչը:

Հիշեցնելով բոլորովին վերջերս Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության թեմայով քննարկումները և հնչող մտահոգիչ բազմաթիվ տեսակետները` Նաղդալյանը կրկին հնչեցրել է հայկական կողմի պնդումը` Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը վերականգնելու գաղափարի շուրջ, քանզի, ըստ նրա, այդ հարցն այսօր առավել քան հրատապ է, որը պայմանավորված է այն կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին:

«Թուրքական իշխանությունները, բոլորովին անտեսելով օրենքի գերակայությունը, իրավիճակը օգտագործում են` պայքարելու երկրում իրենց քաղաքական հակառակորդների և ազգային փոքրամասնությունների դեմ: Այնպես որ, նախարար Չավուշօղլուն ավելի լավ կաներ կենտրոնանար այդ լուրջ խնդիրների վրա, այլ ոչ թե՝ Վեհաժողովի հետ կիսվեր իր անձնական պատմություններով» ,- հավելել է ելույթը հայկական պատվիրակության ղեկավարը: