26.11.2024
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
prev Նախորդ նորություն

Դեսպան. Կտրամադրի՞ Ռուսաստանն Ադրբեջանին թեւավոր հրթիռներ

Ադրբեջանական մամուլում՝ Ռուսաստանից թեւավոր հրթիռներ ձեռք բերելու մասին հրապարակված տեղեկություններին չի տիրապետում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նման հրապարակումներ հայտնվեցին ադրբեջանական մամուլում այն բանից հետո, երբ Հայաստանում ցուցադրվեցին «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերը:

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Թևավոր հրթիռները մի բան են, «Իսկանդերը»՝ մեկ այլ ու չգիտեմ՝ ինչ կապ կա…: Ես նման տեղեկություն չունեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ Բաքուն, երբ հանդես է գալիս նման հայտարարությամբ «գուցե մի բան գիտի», սակայն «մենք այդ մասին չգիտենք»: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ դեսպանը նշել է, որ կոնֆլիկը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԽ համանախագահների միջամտությամբ:

Այս համատեքստում վերջերս բավականին աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ում խոսքով ԼՂ շուրջ «գրավյալ» շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հարցով «Ռուսաստանը կիսվեց մեզ հետ, և մենք էլ մեր աջակցությունը հայտնեցինք»: «Եթե նման քայլեր ձեռնարկվեն, թուրքական կողմը կաջակցի Ադրբեջանի ցանկացած որոշմանը», - ասել էր նա:

ՌԴ դեսպանը նշեց, որ տեղյակ չէ Չավուշօղլուի հայտարարությունից, սակայն պնդեց, որ հարցը կլուծվի միայն եւ միայն Մինսկի խմբի շրջանակներում: «Հարցը կլուծվի միայն Մինսկի խմբի շրջանակներում: Որքանով ես գիտեմ, այս ամսվա վերջում, համանախագահ երկրների ներկայացուցիչներն այցելելու են տարածաշրջան, մեկնելու են Ղարաբաղ, Երևան, Բաքու: Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: