ԱԺ նախագահ. Եվրոպացի պատգամավորների այցերը Արցախ չեզոքացնում են հանրապետության տեղեկատվական մեկուսացվածությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կարևորելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, Գալուստ Սահակյանը նաև կարևորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը և լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում էիր ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նա անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին և նշել, որ Ադրբեջանն այդ օրերին լայնածավալ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հովանու ներքո:
Կարևորելով երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանը մեծ աջակցություն է ստացել ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունից՝ ադրբեջանական լոբբիստներիկողմից Ղարաբաղին վերաբերող միակողմանի և իրականությունը խեղաթյուրող բանաձևերի քվեարկության ժամանակ:
Իր հերթին Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը, խոսելով ԼՂ հիմնախնդրից, մեջբերել է ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն այն մասին, որ չորսօրյա պատերազմն ամենածանրն ու դաժանն էր 1994 թվականին հաստատված զինադադարից հետո:
Տիկին Հուֆը նշել է, որ իրենք հավատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն իրենք տեսնում են խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Նա նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է տեղի ունենա քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության շրջանակում ներդրում ունենալ խնդրի կարգավորման հարցում: