Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:
Ներկայացվել է Ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի շարք հարկատեսակների բարեփոխման նպատակադրումներին և դրանով պայմանավորված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորություններին: Զեկուցվել է 2023-2025թթ. ՄԺԾԾ ծախսային չափաքանակների և գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացի մասին, որն իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային ռազմավարությունների, իրավակարգավորումների, ծախսակազմումների և հայտերի իրատեսականության հիման վրա: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վերանայումը պայմանավորված է նաև միջազգային տնտեսական իրավիճակով և գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներով: Ներկայացվել են մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները:
Քննարկման առարկա է դարձել 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Վարչապետին ներկայացվել է եկամուտների և ծախսերի կատարողականը ըստ գերատեսչությունների: Նշվել է, որ արդյունքների հիման վրա գնահատվել է մակրոտնտեսական ազդեցությունը, մշակվել են ծախսային գործընթացի բարելավման առաջարկներ:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերին, բարեփոխումներին առնչվող հարցեր:
Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է 2022թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման վրա և հանձնարարել հետևողական լինել, որպեսզի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսային ծրագրերն իրականացվեն լիարժեքորեն: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ չի եղել ծրագիր, որը չի իրագործվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և Կառավարությունը շարունակելու է այս մոտեցումը: Միևնույն ժամանակ պետք է ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի բովանդակությունն ու աշխատանքի որակը, ինչպես նաև մյուս ուղղություններով բարեփոխումները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները: