27.11.2024
Պետդեպ. ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայի կառավարությանը
prev Նախորդ նորություն

WSJ. Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ կենսական նշանակություն ունի Անկարայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ռուսաստան կատարելիք այցի վերաբերյալ The Wall Street Journal հրատարակությունը վերլուծական հոդված է հրապարակել: Հոդվածում ասվում է, որ Էրդողանն իր ռուսաստանյան այցի ժամանակ մտադիր է ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժը, քանի որ դրանք ստեղծված իրավիճակում Անկարայի համար կենսական նշանակություն են ձեռք բերել:

Թերթը նշում է, որ Էրդողանին առաջին հերթին անհանգստացնում է Թուրքիայում տնտեսական իրավիճակի վատթարացումը, որը տեղի է ունեցել զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի և օտարերկրյա ներդրողների կորուստի արդյունքում: Թուրք պաշտոնյաները հույս ունեն, որ առաջիկա այցի ընթացքում նախագահները քննարկելու են ոչ միայն աշխարհաքաղաքական իրավիճակը, այլև բիզնեսին և առևտրա-տնտեսական կապերին վերաբերող հարցեր:

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնումն Էրդողանի համար շատ ձեռնտու է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին: Արևմուտքը բացասական վերաբերմունք է ցուցաբերել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կասկածյալների հանդեպ կիրառված միջոցներին, ասվում է հոդվածում։

Էրդողանի այցն ընդգծում է, որ Անկարան դժգոհ է արևմտյան երկրների արձագանքից և աջակցության բացակայությունից, գրում է հոդվածի հեղինակը: «Թուրքիան իրոք կարող է հակաարևմտյան դիրքորոշում ընդունել` ձգտելով արագացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և, ի վերջո, հասնել նրա հետ մերձեցմանը», - գտնում է Edam վերլուծական կենտրոնի նախագահ Սինան Ուլգենը:

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագահներն առաջին անգամ կհանդիպեն Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ծագած ճգնաժամից հետո, որի պատճառ է հանդիսացել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցումը: