4.12.2024
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Նախագահի ընտրության հարցում ընդդիմությունն իր խոսքը կասի. Սեյրան Օհանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը հնարավորություն ստեղծեց նոր նախագահի ընտրություններ անցկացնել, և ընդդիմությունն իր խոսքը կասի այս ընտրություններում։ Այս մասին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


Նրա խոսքով, դաշինքում կքննարկվի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, իսկ քննարկումների արդյունքներով կտարածվի համապատասխան հայտարարություն։

«Կարծում եմ, որ Հայաստանի նախագահ պետք է ընտրվի թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեծ հեղինակություն ունեցող անձ։ Երբ գործընթացը սկսվի, մենք կքննարկենք, հայտարարություն կանենք»,- ասաց պատգամավորը։


Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է խորհրդարանում առկա ձայներով ընդդիմությունը մտադիր հակակշիռ կազմել։ Սակայն Օհանյանը չպատասխանեց հարցին՝ հորդորելով սպասել դաշինքի համապատասխան որոշմանը։


«Նախ, մենք կարող ենք հակակշիռ դառնալ՝ զսպելով իշխանություններին։ Կարծում եմ, որ ընդդիմությունը հնարավորություն ունի յուրաքանչյուր թեկնածուի առաջադրելիս ներկայացնել այս իշխանությունների կատարած աշխատանքն ու բացթողումները»,- ասաց նա։