25.11.2024
Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի վրա 2 արկ է արձակել
prev Նախորդ նորություն

Իսպանիայի Ալիկանտե քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի խորհուրդը հուլիսի 28-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քաղաքային խորհրդում քննարկումների ընթացքում ելույթներով հանդես են եկել այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը:

Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր:

Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկել է հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի «Հայաստան» ասոցիացիայի կողմից: