ՀԿ-ները պահանջում են անհապաղ ԱԺ արտահերթ նիստ գումարել
Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը, «ԷկոԼուր»-ը, «Թրանփարենսի ինթերնեշնլ»-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին։
Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով»։
Կազմակերպությունները նշել են, որ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, «քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային արդարադատությունը, անկասելի արտագաղթը և շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը»:
Հայտարարությունում ասված է, որ «ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել և շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին»:
«Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահն արդեն տասնմեկերորդ օրն է` որևէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը», - ասված է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները դատապարտում են «Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ են անում խորհրդարանին՝ օգտվել արտահերթ նիստ հրավիրելու սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով»:
«Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է, և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար», - ասված է հայտարարությունում։
Կազմակերպությունները նշում են, որ հայտարարությունը բաց է միանալու համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ներկայացված ձեւաթղթի տակ սոտրագրել են հետեւյալ պատգամավորները՝ Թեւան Պողոսյան, Զարուհի Փոստանջյան, Լեւոն Զուրաբյան, Խաչատուր Քոքոբելյան, Ռուբիկ Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Ստեփան Դեմիրճյան, Լյուդմիլա Սարգսյան, Տիգրան Ուրիխանյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, Հովհաննես Մարգարյան, Լեւոն Դոխոլյան, Իշխան Խաչատրյան եւ Նիկոլ Փաշինյան: