25.11.2024
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորայինների եռամսյա հավաքներ
prev Նախորդ նորություն

Կաթողիկոսն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-ՀՀ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին:


Իր ողջույնի խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։


Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ Նորին Սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։ Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։


Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր նկատեց նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Պրն․ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:


Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։ Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյուքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման։