Պաշտոնանկություններից հետո լրատվական և քաղաքագիտական շրջանակների քննարկումների օրակարգը պտտվում է մեկ հարցի շուրջ՝ ո՞ւր են տանելու հեռացված պաշտոնյաներին և ովքե՞ր են նշանակվելու թափուր մնացած պաշտոններին:
Երկուսի մասով արդեն պարզ է՝ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը, ՏԿԵ նախարար էլ Արմավիրի արդեն նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը: Սա, իր հերթին, նոր պաշտոններ է առանց գլուխ թողել՝ նույն Արմավիրի մարզը: Անորոշ է նաև Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի, Հակակոռուպցիոն կոմիտեի ճակատագիրը: Թեև մի շարք անուններ են շրջանառվում և մնում է սպասել, թե դրանցից որոնք իրականության հետ աղերս ունեն:
Օրինակ, ակտիվ քննարկվում է ու, թերևս, հենց այդպես էլ լինի, որ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին և կնշանակվի ՊԵԿ նախագահ: Վերջինս երեկ մեկնաբանել է նաև այս լուրերը՝ հայտարարելով, թե նման առաջարկ չի ստացել, բայց VERELQ-ի աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը Ռամոնաս Պետրոսյանին տեղափոխելու է այլ կառույց:
Ու մինչ լուրերը մեկը մյուսին հերթ չեն տալիս, Պետրոսյանը բավականին ռոմանտիկ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
"Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա…
Չինգիզխանին են վերագրվում այս խոսքերը՝ դեռեւս 12-րդ դարից: Չգիտեմ այդ խոսքերն իրոք իրենն են, թե՝ ոչ, բայց վստահաբար քաղաքական գործունեության մեջ շատ արդիական են",- գրել է նա:
Մնում է միայն ենթադրել, թե ինչ նկատի ունի Փաշինյանի ամենասիրելի ու վստահելի կադրերից մեկը...