22.11.2024

Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը մարզպետներինն է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։ Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում: Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ քրգործ չկախվի գլխներին։ Ասում են՝ մարզպետներին հատկապես անհանգստացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նոր նախարարի նշանակումը, ով առաջնորդվում է «Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի» սկզբունքով»:


«Հրապարակը» գրում է․ Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, որը պատերազմի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր էր, պատերազմից հետո մանդատը վայր դրեց: «Այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարում եմ նախեւառաջ ի՛մ անձնական եւ ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա: Բայց պարզվեց, որ արագ հաշտվեց այդ «իրողության հետ» եւ շաբաթներ անց նշանակվեց մարզպետի տեղակալ։ Նա ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որի պատվին Արցախի Ջաբրայիլի շրջանը կոչվել է Մեխակավան։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում: Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել: Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի պահանջը: Նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստին, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումն արդեն արձանագրվել է վարչության անդամների միաձայն որոշմամբ, բայց Հովիկ Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել: Ավելին՝ Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին:


ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում եւ չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց վարչության անդամներից պարզել՝ ինչո՞ւ չեն հրապարակում Աղազարյանի մասով կայացված քաղաքական որոշումը, սակայն վարչության անդամները չեն պատասխանում մեր զանգերին: Ավելի վաղ էլ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էին` մեկնաբանելու ոչինչ չունեն, թե Հովիկ Աղազարյանը երբ մանդատը վայր կդնի, կամ երբ կհանրայնացվի վարչության որոշումը: Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման անգլուխ մնացած հանձնաժողովը, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը տուգանվել է փոխանցած գումարի չափով` 700 հազար դրամ։ Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում ՔՊ դրամահավաքները պրոբլեմ են մեր երկրում. մասնակցելը հանգեցնում է հանրային պարսավանքի եւ փաստացի տուգանքի՝ ընկերության նկատմամբ. իսկ չմասնակցելու դեպքում էլ հարկային տուգանքի խնդրի ռիսկ է առաջանում»:


«Հրապարակը» գրում է․ Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողներն ու մագիստրանտները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ: Կառավարության նիստում վարչապետի այն հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին: Երեկ մեզ հետ կապվեցին բուհի մի խումբ ուսանողներ, որոնք տեղեկացրին, որ մինչ օրս չեն ստացել կրթաթոշակները։ Ըստ նրանց՝ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, իրենք պատրաստվում են դիմել վարչապետին, քանի որ նա նախօրեի նիստում հայտարարել է, որ այսուհետ ժամկետների խախտման համար պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն: Ի՞նչ տարբերություն` ոլորտն ուժայի՞ն է, թե՞ կրթական:


«Հրապարակը» գրում է․ Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաեւ նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվել` նա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը` ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։ ՔՊ-ում կատակում են, որ հանուն արդարության Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, որը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն է եւ ամենածանրն է տանում Զեյնալյանի հեռանալը, անգամ լուրեր էին պտտվում, թե կարող է մանդատը դնել։ Բայց դա անհավանական է, քանի որ նախկին հաղորդավարն այժմ բացառիկ շանս ունի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալու կամ ինչ-որ ժամանակ այդ պարտականությունները կատարելու։


Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՔՊ-ական «սաստավը», կարելի է ասել, ամենաանորակն է, կազմում են Լուլուն, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ բարձրագույնի դիպլոմ չունեցող, նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։ Իհարկե, օրենքը չի պարտադրում, որ հենց կազմից պետք է նախագահը լինի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր նրանով, որ նախարարը Փաշինյանին չէր զեկուցել կամ սխալ էր զեկուցել կատարված աշխատանքներից մեկը: Եվ ահա ստի համար հատուցեց իր պաշտոնով։ Իսկ շրջակա միջավայրի պահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցու՞մ է վարչապետին ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Թերեւս՝ ոչ, քանզի Հակոբ Սիմիդյանը եւս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սեւանա լճի հետ կապված ներքոնշյալ փաստաթղթերում առկա աշխատանքների կազմակերպումը եւ կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծել է, քանզի աշխատանքները ժամանակին ավարտելու կանխատեսումը դարձել է ակնհայտ անհնար։ Բայց այս դեպքում՝ չեն աշխատում ՔՊ-ականները՝ հատուցում է մեր ազգային հարստություն Սեւանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել եւ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Իսկ ինչ ճանապարհ է անցել եւ ինչ ունեցվածք ունի Արթուր Պողոսյանը. նա իրավական ոլորտում է վաղուց՝ սկսած 2006 թվականից։ Առաջին պաշտոնը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի քննիչի, նույն վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ, ապա ավագ քննիչ։ Քննիչի պաշտոնից 6 տարի անց դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ, ապա ավագ դատախազ, այնուհետեւ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ։


Արթուր Պողոսյանի մասին ասում են՝ ոլորտի լավագույն մասնագետներից է։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիսի 13-14-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ Պողոսյանը եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին։


Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 1 բնակարան Լոռու մարզի Վանաձոր համայնքում, նույն համայնքում 2021 թվականին ձեռք է բերել ավտոտնակ։ Դատախազի տեղակալը Երեւանում եւս բնակարան ունի, որը ձեւակերպվել է որպես հիփոթեք, իսկ հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 905 հազար դրամ։


Նախորդ տարի՝ 2023 թվականին, Արթուր Պողոսյանը ձեռք է բերել Honda մակնիշի մեքենա, որն արժեցել է 7 մլն 800 հազար դրամ։ Պողոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, 5 հազար դոլար։ Դատախազի տեղակալի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 807 հազար դրամ, որից 25 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Դատախազությունից։ Արդարադատության ակադեմիայից Պողոսյանը ստացել է 55 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Տեղակալը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 670 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքով բնակարանի մայր գումարը մարելու համար է։ Եկամուտների 3 մլն 980 հազարը վարկ է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։ Պողոսյանի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 098 հազար դրամ։ Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն վարկերի մարմանն ուղղել է 6 մլն 700 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 19 մլն 480 հազար դրամ»:


«Հրապարակը» գրում է․ Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015- 2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը: Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, որը Երեւանից հեռու է 25-27 կմ: Հիմա էլ նա ապրում է Գառնիում, աշխատում` Երեւանում, բայց 2019-ից դադարեցրել է դոտացիա ստանալը․ երեւի ասել են՝ կբացվի, որ օրենքի խախտում է: Այս դեպքով անգամ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է նշանակել, որն արագ կարճվել է՝ ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ։


Հայկ Բաբայանը, որն այս տարիներին համակարգել է սեւ բերետավորների հարձակումները ցուցարարների վրա, նռնակների նետումից մինչեւ ծեծուջարդ, պարզվում է` ծանր է տարել մեր հրապարակումը եւ կառչել է տեխնիկական վրիպակից, որը տեղ էր գտել երեկվա հրապարակման մեջ` նա 4 տարվա ընթացքում 3 միլիոն դրամից ավելի գումար է ստացել պետությունից, որը ցավալի տեխնիկական վրիպակի պատճառով մեկ 0 ավելի էր գրվել` 30: Ճիշտ է` հրապարակումից րոպեներ անց վրիպակն ուղղել ենք, սակայն Բաբայանը կապվել է իշխանական կայքերի հետ եւ հերքել տվել մեր հրապարակումը, թե ինքը 30 միլիոն չի ստացել պետբյուջեից: Զավեշտալին այն է, որ Բաբայանը չի հերքել իրեն բնակվարձ տալու փաստը, այլ միայն գումարի չափը։ Բայց ՀՀ իրավապահներն այս տարիներին 3 միլիոն դրամից շատ ավելի փոքր գումարների յուրացման համար են գործեր հարուցել, հուսանք՝ սա էլ անհետեւանք չեն թողնի, եւ նոր նախարար Արփինե Սարգսյանն էլ սրանով կզբաղվի:


 


 

Թեմայի այլ նորություններ