26.11.2026

Հայաստանը ևս մեկ քայլ է կատարում դեպի կոշտ ավտորիտարիզմ. Ալեն Ղևոնդյան

Նոր Սահմանադրության ընդունմամբ գործող իշխանությունը երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ ամրապնդել սեփական դիրքերը և բավարարել արտաքին քաղաքական մի շարք դերակատարների, առաջին հերթին՝ Ադրբեջանի հավակնություններն ու պահանջները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։


Նրա խոսքով՝ Բաքուն ձգտում է հայկական պետությանը զրկել հետագայում Արցախի հետ կապված հարցեր բարձրացնելու, այդ թվում՝ այլ ուժային կենտրոնների ներգրավմամբ Արցախի նախկին կարգավիճակը վերականգնելու կամ արցախահայության բնակության իրավունքի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորությունից։


«Ադրբեջանը շատ գրագետ է գործում բոլոր հնարավոր հարթակներում և դա նոր չէ, որ անում է։ Նա ցանկանում է բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել հայկական պետությունն ու պետականությունը՝ ինչպես միջազգային հարթակներում դրա ազդեցության նվազեցման, այնպես էլ ներքին գործընթացների միջոցով։ Դրա ներքին բաղադրիչներից մեկը Սահմանադրությունից Անկախության հռչակագրին առնչվող դրույթների վերացումն է»,- նշել է քաղաքագետը։


Ղևոնդյանը քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության և խաղաղության համաձայնագրի փոխկապակցվածության, ինչպես նաև խաղաղության երաշխավոր լինելու վերաբերյալ։


Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանն այնքան է նվազեցրել ինչպես սեփական, այնպես էլ պետության միջազգային սուբյեկտայնությունը, որ այլևս չունի անհրաժեշտ ռեսուրսներն ու քաղաքական կշիռը որևէ երաշխիք տրամադրելու, այդ թվում՝ Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման հարցում։


Ղևոնդյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից դատական կարգով զրկելու հնարավորությանը վերաբերող դրույթի վրա՝ մատնանշելով Հայաստանի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների համար դրանից բխող հնարավոր ռիսկերը։


Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաև Արցախի առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ զանգվածային գերեզմանների և հայկական կողմին ուղղված մեղադրանքների վերաբերյալ Ադրբեջանի առաջ մղած օրակարգին։


Նրա խոսքով՝ Բաքուն այդ հարցերը կարող է տեղափոխել միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԱԿ։ Ադրբեջանն արդեն իսկ սկսել է առաջ մղել այդ օրակարգը։


«Ես խոսում եմ այն մասին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարները, պաշտպանության նախկին նախարարները, Գլխավոր շտաբի պետերը, Արցախի ազատագրական պայքարում պատասխանատու դերակատարություն ունեցած մի շարք անձինք կարող են արտահանձնվել։ Երբ նման տեսակետներ ես հայտնում, շատերն ասում են՝ դա ֆանտաստիկա է, նման բան հնարավոր չէ։ Իսկ Արցախի հանձնումը ֆանտաստիկա չէ՞ր»,- ասել է Ղևոնդյանը։


Քաղաքագետի համոզմամբ՝ հայկական հասարակությունը հաճախ անհրաժեշտ լրջությամբ չի վերաբերվում առկա սպառնալիքներին։ Որպես օրինակ նա մատնանշել է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակություն հաստատելու վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային և հոգևոր օջախների մասին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները։ Ղևոնդյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը կարող է նախադրյալներ ստեղծել նաև այդ հավակնությունների իրականացման համար։


Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ներքաղաքական հետևանքներին՝ քաղաքագետն ընդգծել է, որ Սահմանադրությունն ամփոփում է պետության կառավարման իրավական և քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Մինչդեռ ներկայացված նախագիծը, նրա գնահատմամբ, էապես ամրապնդում է գործող իշխանության դիրքերը՝ ինչպես վարչապետի լիազորությունների, այնպես էլ ուժի կամայական կիրառման հնարավորությունների առումով։


«Հայաստանը ևս մեկ կամ մի քանի քայլ է կատարում դեպի կոշտ ավտորիտարիզմ»,- հայտարարել է Ղևոնդյանը։


Նա չի բացառել, որ հետագայում սահմանափակումներ կարող են կիրառվել նաև Արցախի, ազգային-ազատագրական պայքարի և հայկական պատմության առանձին դրվագների վերաբերյալ հրապարակային խոսքի նկատմամբ։


Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր կանգնած է իր անկախության և գոյության պահպանման սահմանագծին։ Առաջիկայում, նրա համոզմամբ, երկիրը բախվելու է լուրջ փորձությունների, որոնք հարցականի տակ կարող են դնել ոչ միայն Հայաստանի քաղաքական ապագան, այլև տնտեսական կենսունակությունը։

Թեմայի այլ նորություններ