26.11.2026

Փաշինյանը հայտարարում է աշխատատեղերի ռեկորդի մասին՝ տնտեսական աճի դանդաղման ֆոնին

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը հոկտեմբերին գերազանցել է 849 հազարը՝ հասնելով պատմական առավելագույնին։ Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատաշուկայում դրական դինամիկան, սակայն, արձանագրվում է տնտեսական ակտիվության աճի շարունակական դանդաղման, արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների կրճատման ֆոնին։


«Սա 39 հազարով ավելի է 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված ցուցանիշից և 312 հազարով ավելի՝ 2017 թվականի ցուցանիշից»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով գրանցված աշխատատեղերի թվի աճին։


Վարչապետն այս դինամիկան կապել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և կառավարության մի շարք այլ որոշումների հետ։


Աշխատաշուկայի դրական ցուցանիշները ներկայացնելիս Փաշինյանը, սակայն, չանդրադարձավ ընդամենը մեկ օր առաջ՝ նոյեմբերի 25-ին հրապարակված վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են Հայաստանի տնտեսությունում աճի տեմպերի շարունակական դանդաղման և մի շարք առանցքային ցուցանիշների վատթարացման մասին։


Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է հինգերորդ ամիսն անընդմեջ


Մայիսին արձանագրված 11,7% աճից հետո Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան աճի տեմպը դանդաղում է հինգերորդ ամիսն անընդմեջ՝ հոկտեմբերին կազմելով ընդամենը 3,5%։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 8,1%-ի դիմաց։


Հատկապես նկատելի է բացասական դինամիկան արդյունաբերության և արտաքին առևտրի ոլորտներում։ Հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 12,9%-ով, իսկ արտահանումը՝ 25,4%-ով։


Համաշխարհային բանկը դեռևս սեպտեմբերին արձանագրել էր հիմնական մետաղների, ծխախոտի արտադրության և էներգետիկայի ոլորտներում արտադրության ծավալների անկում։ Թե որքանով է այս ճյուղերի բացասական դինամիկան պայմանավորել հոկտեմբերին արդյունաբերության կրճատումը, պարզ կդառնա առավել մանրամասն վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։ Արտահանման անկման հնարավոր գործոններից է նաև վերաարտահանման ծավալների շարունակական նվազումը։


Արտաքին դրական ազդակների թուլացում և Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ


Տնտեսական ակտիվության աճի դանդաղումն ու արտահանման կրճատումը տեղի են ունենում Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ քաղաքական տարաձայնությունների խորացման ֆոնին։


Մոսկվան այս տարվա մայիսից սահմանափակումներ է կիրառել հայկական գյուղմթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման նկատմամբ՝ դրանք պատճառաբանելով բուսասանիտարական և անվտանգության պահանջների խախտումներով։


Ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումներ՝ սուբսիդավորելով այլ շուկաներ արտահանման տրանսպորտային ծախսերը և աջակցության ծրագրեր իրականացնելով սահմանափակումներից տուժած ոլորտների համար։


2022-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը տնտեսագետները մեծապես պայմանավորում էին արտաքին դրական ազդակներով՝ մարդկանց, կապիտալի և բիզնեսների ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանման ծավալների զգալի աճով։


Արժույթի միջազգային հիմնադրամը դեռևս 2024-ին կանխատեսում էր, որ արտաքին այդ գործոնների ազդեցության թուլացմանը զուգահեռ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն։


Տնտեսական աճի դանդաղմանը զուգահեռ ուժեղանում են գնաճային ճնշումները


Եթե նախորդ տարիներին Հայաստանի տնտեսական բարձր աճն ուղեկցվում էր համեմատաբար ցածր գնաճով, ապա այժմ մակրոտնտեսական պատկերը փոխվում է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպերի նվազմանը զուգահեռ գնաճը գերազանցում է Կենտրոնական բանկի սահմանած թիրախը։


Հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 4,3%՝ ԿԲ-ի սահմանած 3% թիրախի պայմաններում։ Գնաճային ռիսկերը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը երկու ամսից էլ կարճ ժամանակահատվածում երկու անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,5%-ից հասցնելով 7%-ի։


Դրամավարկային քաղաքականության խստացումն ուղղված է գնաճային ճնշումների մեղմմանը՝ վարկավորման պայմանների խստացման և ներքին պահանջարկի զսպման միջոցով։ Միաժամանակ, վարկավորման թանկացումը կարող է լրացուցիչ զսպող ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա։


Այսպիսով, գրանցված աշխատատեղերի թվի աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունը միաժամանակ բախվում է տնտեսական ակտիվության դանդաղման, արտահանման ու արդյունաբերական արտադրանքի կրճատման և գնաճային ճնշումների ուժեղացման մարտահրավերներին։

Թեմայի այլ նորություններ