24.06.2026

Ադրբեջանցիների թափանցումը սկսվելու է Թրիփի իրականացումից և անկլավների հանձնումից

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հավակնություններին և ընտրություններին։


«Այս պահի դրությամբ ընտրություններն ավարտվել են, իշխանությունները փաստացի ինչ-որ թվեր են արձանագրել, համարում են, որ իշխանություն ունեն։ Համենայնդպես, նախորդի շարունակություն էլ կա։ Իրենք այսօր պատասխանատվություն ունեն Հայաստանի շահերը պաշտպանելու։


Ադրբեջանցիների վերադարձի հարցը եկեք իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում նրանց գործունեությանը։ Սա լուրջ վտանգ է։ Ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ։ Նույնն ասում էիք Արցախի վերաբերյալ, վերջում մենք Արցախը կորցրեցինք։


Ես համոզված եմ, որ վերջում մենք նաև Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու։ Սա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում, եթե մենք սրա դիմացը չառանք այսօր, հետո շատ դժվար է լինելու։


Իշխանությունները գնալու են Թրիփի իրականացման, իշխանությունները դեռ, այսպես կոչված, անկլավներն են տալու, և այդ թափանցումը հենց այդ կետերից է սկսվելու։ Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը Ադրբեջանի պետական ծրագիր է։


Արդյո՞ք սա մենք չենք տեսնում, արդյո՞ք սա ակնհայտ չի։ Սա ընդդիմություն–իշխանություն հարց չի, Հայաստանի ազգային անվտանգության հարց է, եթե սրա առաջը մենք չառնենք հիմա, մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը արդեն հայկական տարածք չէ։ Մենք կարող ենք մեր մեծամասնությունը մեր հայրենիքում կորցնենք։ Սա լուրջ վտանգ է, սա դարձրեք ձեր արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը»,– հայտարարեց Օսկանյանը։


Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ եթե Արցախի դրոշ չդնենք, չխոսենք այդ մասին, ադրբեջանցիները կհրաժարվեն իրենց վերադարձի գաղափարից, Օսկանյանն ասաց, որ դա այդպես չէ. «Նախ որ այս երկուսը իրար հետ հավասարեցնելը լրջագույն սխալ էր, որ արվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի քանի տարի առաջ ինքնավար մարզ ունեցած, սովետական շրջանում 75 տարի, դրանից հետո 30 տարի միջազգային միջնորդությամբ ինքնորոշման բանակցություն վարած տարածքի բնակչության չի կարելի հավասարեցնել սովետական շրջանում Հայաստանի հեռացած ադրբեջանցիների վերադարձի հետ։ Դա կարելի հավասարեցնել Լեռնային Ղարաբաղից դուրս, Ադրբեջանի տարածքում ապրող 300 հազար հայ բնակչության հետ։ Արցախցիների վերադարձի հարցը դա միջազգային օրենքով ամրագրված է, կա Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, կան Եվրոխորհրդարանի մի քանի բանաձևերը, կա Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնությունը, կա ԱՄՆ 100-ից ավել կոնգրեսականների հայտարարությունը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը, անհատ երկրների գործադիրի մակարդակով արված հայտարարությունները։ Նրանց վերադարձի իրավունքը չի կարելի նույնիսկ մոտեցնել, չասեմ հավասարեցնել ադրբեջանցիների ինչ-որ վերադարձի հարցի հետ։


Բայց նորից վերադառնամ հիմնական հարցին, մի արհամարհեք այս խնդիրը։ Ընդիմության խփելու համար մի՛ լռեք սրա մասին։ Խոսե՛ք, սա լուրջ վտանգ է, սա պետական ծրագիր է Ադրբեջանի կողմից։ Մենք կկորցնենք նախ Սյունիքը, հետո կլինի թափանցումը Տիգրանաշենից, Տավուշից, դեպի ավելի կենտրոնական շրջաններ, և մի օր իրոք մենք մեր աչքը կբացենք, կտեսնենք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մենք արդեն մեծամասնություն չենք, որպես հայ ժողովուրդ»։


 


 

Թեմայի այլ նորություններ